չորեքշաբթի, 10 հունվարի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ հրավիրված քննարկմանը լսվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության 2000թ. տարեկան հաշվետվությունը: Վարչապետի հավաստմամբ, նման լսումներ կլինեն բոլոր նախարարությունների կատարած աշխատանքների վերաբերյալ: Փետրվարին, ֆինանսա-տնտեսական մանրակրկիտ հաշվետվություն ներկայացնելուց առաջ, դրանք թույլ կտան որոշակի պատկերացում կազմել տարբեր ոլորտներում կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության իրագործման ուղղությամբ տարված աշխատանքների, հիմնական մոտեցումների և սկզբունքների պահպանման մասին, կնշվեն բացթողումներն ու դեռևս գոյություն ունեցող հիմնախնդիրները, որոնք հաշվի կառնվեն կառավարության 2001թ. գործունեության ծրագրի կազմման ընթացքում: Այն կլինի գործադիր իշխանության 2000 թ. գործունեության ծրագրի տրամաբանական շարունակությունը:
Նշվեց, որ արդյունաբերության և առևտրի նախարարության գործունեության հիմքում ընկած է եղել ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը, որի կատարումն ապահովող միջոցառումների ցանկով 2000 թ. օգոստոս-դեկտեմբեր ժամանակահատվածում (ցանկի հաստատումից հետո) նախարարությանը տրված 42 հանձնարարականները կատարվել են ամբողջությամբ: Ըստ արդյունաբերության և առևտրի նախարար Կարեն Ճշմարիտյանի, 2000 թ. նախարարության վարած քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, նպատակաուղղված է եղել տնտեսության իրական հատվածի, հատկապես՝ մասնավոր հատվածի զարգացմանը, ինչպես նաև արդյունաբերության զարգացման, տնտեսական ակտիվության բարձրացման, ներդրումային նպաստավոր միջավայրի մասնավորեցման արագացմանն ու արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ապրանքների ու ծառայությունների արտահանման համար անհարժեշտ նախադրյալների ձևավորմանը:
Իրականացված քաղաքականության արդյունքում 2000 թ. վերագործարկվել և հզորություններն ավելացրել են 14 ընկերություններ՝ հիմք դառնալով շուրջ 11 հազար 500 աշխատատեղերի բացման:
Արդյունքում արտադրանքի թողարկման ծավալն աճել է 129.4 տոկոսով, իրացմանը՝ 137.1 տոկոսով, արտահանմանը՝ 143.4 տոկոսով: Արտահանման կառուցվածքում, ի տարբերություն նախորդ տարիների, արձանագրվել է որոշակի փոփոխություն՝ աճն ապահովվել է ոչ թե թանկարժեք, կիսթանկարժեք քարերի, մետաղի ջարդոնի, այլ լեռնամետալուրգիական, քիմիական արտադրանքի, սննդամթերքի, այսինքն, առավելապես պատրաստի արտադրանքի արտահանման հաշվին:
Բացված աշխատատեղերից ըստ ոլորտների առանձնացվեց թեթև արդյունաբերությունը, որտեղ 2000 թ. առաջին կիսամյակում մեծ անկում էր արձանագրվել, սակայն տարին, ըստ Կարեն Ճշմարիտյանի, հաջողվեց փակել դրական արդյունքով և 3801 նոր աշխատատեղով, մեքանաշինության բնագավառում աշխատատեղերի թիվն ավելացել է 650-ով, քիմիայի ոլորտում՝ 2143-ով, հանքարդյունաբերության ոլորտում՝ 3513-ով, ակնագործության և ոսկերչության ոլորտում՝ 1255, պետական գնումների և հատուկ ծրագրերի բնագավառում արձանագրվել է 145 նոր աշխատատեղ:
Արդյունաբերության և առևտրի նախարարը իրականացված քաղաքականության հիմնական ուղղություններից առանձնացրեց և հաշվետվություն ներկայացրեց արդյունաբերական քաղաքականության, գիտական և գիտա-տեխնիկական զարգացման քաղաքականության, որակի, ստանդարտացման, սերտիֆիկացիայի և մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականության, առևտրի, զբոսաշրջության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության, արտաքին տնտեսական, ներդրումային քաղաքականության, արտահանման խթանման և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության քաղաքականության վերաբերյալ:
2000թ. կատարված աշխատանքներից նախարարը ներկայացրեց իր գլխավորած գերատեսչության օրենսդրական նախաձեռնությունները, արտաքին տնտեսական ոլորտում, ներդրումային գործունեության, արտահանման խթանման, առևտրի համաշխարհային կազմակերպությանը ՀՀ-ի անդամակցության և ձեռնարկությունների մասնավորեցման գործընթացներում, առևտրի և տարածքային զարգացման, փոքր ու միջին ձեռնարկատիրության, արդյունաբերության, զբոսաշրջության և նախարարության գործունեության մի շարք այլ ոլորտներում կատարված աշխատանքները:
Նախարարության աշխատանքում Կարեն Ճշմարիտյանը որոշակի բացթողումներ նշեց առևտրի քաղաքականության ոլորտում, նկատելով, որ մինչ այժմ այս բնագավառում չի եղել հստակ հայեցակարգ, համակարգված մոտեցում գոյություն ունեցող խնդիրներին, դրանց լուծման համար կա օրենսդրական, նորմատիվային կարգավորման մեծ դաշտ, ինչը նախարարության՝ 2001թ. աշխատանքներում անպայման կընդգրկվի: Ընդգծվեց, որ հանրապետության առևտրի ոլորտի կազմակերպությունների լայնածավալ մասնավորեցման, առևտրի բնագավառում պետական մենաշնորհի վերացման, սկզբունքորեն նոր որակի սպառողական շուկայի ձևավորման և հանրապետությունում իրականացվող բարեփոխումների ներկա փուլում նախարարությունը որդեգրել է ոլորտի ֆունկցիոնալ կառավարման սկզբունքը: Նախարարի հաշվետվության համաձայն, 2000թ. հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ, արտաքին ապրանքաշրջանառության ծավալն աճել է 112 %, ընդ որում՝ արտահանման ծավալն աճել է 123,4%, ներմուծմանը՝ 108,6%: Մանրածախ ապրանքաշրջանառությունը և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալն աճել է 106,6%:
Զբոսաշրջության ոլորտում 2000թ. նախարարության՝ օրենսդրական և նորմատիվային բազայի ձևավորման ուղղությամբ կատարած աշխատանքներից բացի արդյունաբերության և առևտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ անցյալ տարի Հայաստան ժամանել 45 հազար զբոսաշրջիկ, որն, ըստ նախարարի, կարող էր շատ ավելին լինել, եթե չլինեին 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ու դրան հետևած՝ երկրի ներքաղաքական անկայուն վիճակը: 2001թ.-ին, նախարարի կանխատեսումներով, զբոսաշրջիկների թիվը բավականին կմեծանա:
Ներկայացված հաշվետվության համաձայն, 2000թ. նշված ոլորտում ապահովվել է 45 մլն. ԱՄՆ դոլարի արտարժույթի ներհոսք, որն ինքնին հանդիսանում է նաև 45 մլն. դոլարի ապրանքների և ծառայությունների արտահանում Հայաստանից:
Փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում, անցած տարի ՓՄՁ-ի և անհատ ձեռնարկատերերի թիվն ավելացել է մոտ 2500-ով: 2000թ. առաջին ինն ամիսների ընթացքում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 140,6 մլն. ԱՄՆ դոլար, որը 25 % ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հաշվետվությունը լսելուց հետո, բացթողումների, գոյություն ունեցող խնդիրների շարքում կառավարության անդամները նշեցին շինանյութերի արտադրության ոլորտում նկատելի անկումը, որը բազմաթիվ պատճառներ ունի, այդ թվում նշված ոլորտում գործող ընկերությունների գործունեության վերահսկման դժվարությունը, ինչը հանգեցնում է ստվերային դաշտի մեծացմանը: Նշվեցին նաև սեփականաշնորհման գործընթացում տեղ գտած թերությունները, որոնց պատճառով հաճախ դժվարանում է ձեռնարկությունների մասնավորեցումը, չնայած, ըստ պետական գույքի կառավարման նախարարի, արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից որևէ խոչընդոտ կամ արհեստական քաշքշուկ գործընթացի իրականացման հաշվետու ժամանակաշրջանում չի եղել:
Նախարարի ուշադրությունը հրավիրվեց նաև տարածաշրջանային դեռևս ոչ բավարար քաղաքականության վրա: Առաջարկվեց այսուհետ ներդրումային հայեցակարգերում և ծրագրերում Երևանից բացի հանրապետության մարզերը ևս հաշվի առնել, չբևեռանալ մայրաքաղաքի վրա, ինչը տնտեսականից բացի քաղաքական նշանակության խնդիր է, նկատի առնելով մարզերից արտագաղթը մայրաքաղաք կամ հանրապետությունից դուրս:
Նշվեց կառավարության որոշմամբ վերջերս մեր տնտեսության գերակա ճյուղերից մեկը ճանաչված բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարվող աշխատանքների ընթացքի արագացման անհրաժեշտությունը, ինչը հեռանկարային է նաև նոր աշխատատեղերի բացման տեսանկյունից:
Այս բացթողումներն ու հիմնախնդիրները հաշվի առնելով, ընդհանուր առմամբ, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության աշխատանքը՝ այդ թվում տարբեր ոլորտներում ցուցաբերած ակտիվ գործունեությունը, կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների բոլոր կետերի կատարումը, աշխատանքների կազմակերպման բարձր մակարդակը, կառավարության մշակած 2 խոշոր՝ Սյունիքի և Տավուշի մարզերի ծրագրերի մշակմանն ու դրանցում ամրագրված կետերի կատարմանը ակտիվ մասնակցությունը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գնահատեց բավարար և այն լավ հիմք համարեց 2001թ. ու հետագա տարիներին ՀՀ արդյունաբերության ոլորտի ներուժը ամբողջությամբ օգտագործելու համար:
Առաջիկա ժամերին սպասվում է նաև ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2000թ. աշխատանքային ծրագրի կատարման մասին հաշվետվության տեղեկատվությունը: