շաբաթ, 23 փետրվարի 2008
Այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին է այցելել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ: Վեհափառ Հայրապետը վարչապետ Սերժ Սարգսյանին վերստին շնորհավորել է նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և իր հայրապետական օրհնությունը բերել այդ առիթով: Նա նաև իր գոհունակությունն է հայտնել բարեհաջող զարգացող պետություն-եկեղեցի հարաբերությունների վերաբերյալ, հույս հայտնելով, որ այսուհետ ևս այդ հարաբերությունները նույնպիսի հաջողությամբ կզարգանան: Վեհափառ Հայրապետը հաջողություններ է մաղթել նորընտիր նախագահին` հանուն մեր Հայրենիքի բարօր և երջանիկ կյանքի ու մեր ժողովրդի իղձերի մարմնավորման:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ վարչապետն անդրադարձել են նաև հետընտրական գործընթացներին: Վեհափառ Հայրապետը, անընդունելի համարելով անհանդուրժողականության դրսևորումները, հույս է հայտնել, որ հետընտրական գործընթացները կմնան բացառապես օրենքի շրջանակներում և կհաղթանակեն խոհեմությունն ու ողջամտությունը:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի, Հայրապետական օրհնության ու բարեմաղթանքի համար, Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ իշխանությունները չափազանց շահագրգռված են և ամեն ինչ անում են, որպեսզի հետընտրական զարգացումները մնան օրինականության շրջանակներում, և ընտրությունների արդյունքներով պայմանավորված` ընտրողների կամքը չանտեսվի:
Պատկան մարմինները, վարչապետի հավաստմամբ, պատրաստ են երկրում կարգ ու կանոնի պահպանության իրենց գործառույթները պատշաճ իրականացնելու: