երկուշաբթի, 20 մայիսի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մայք Մուրին:
Ողջունելով պարոն Մուրի այցը տարածաշրջան, վարչապետը մեր երկրի համար այն անչափ կարևոր համարեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուց առաջ: Ընդհանուր առմամբ ներկայացնելով վերջին մի քանի տարիներին ԱՀԿ-ի անդամակցության ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը, Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ բանակցությունները գտնվում են վերջին փուլում, մեր երկիրը հաջողությամբ ավարտել է նաև երկկողմ բանակցությունները ԱՀԿ անդամ երկրների հետ, իսկ բազմակողմ բանակցությունների շրջանակներում ավարտվում են բանկցությունները օրենսդրության համապատասխանեցման և գյուղատնտեսական ոլորտում համախառն աջակցության չափի հետ կապված հարցերի շուրջ: Եվրոպական ընտանիքին ինտեգրվող Հայաստանի Հանրապետության համար, ըստ ՀՀ վարչապետի, անչափ կարևոր է Առևտրի համաշխարհային կազմակերությանն անդամակցելը, որը խթան կհանդիսանա նաև ներդրումների խրախուսման, տնտեսական կյանքի աշխուժացման և ի վերջո, դրա արդյունքում երկրի սոցիալական խնդիրների լուծման համար, որը կառավարությունն անչափ կարևորում է: Անդրանիկ Մարգարյանը հիշեց նաև Մոնթերեյում պարոն Մուրի ելույթը, որում հիշյալ խնդիրներն առաջնային էին համարվում, և որի դրույթները միանգամայն ընդունելի էին Հայաստանի համար: Վարչապետը հույս հայտնեց, որ առաջիկա հունիս-հուլիս ամիսներին նախատեսվող բանակցությունները ևս հաջողությամբ կավարտվեն, և մեր երկիրը 2003 թ-ին արդեն կլինի ԱՀԿ անդամ:
Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մայք Մուրը ևս կարևորեց եվրոպական անդամ երկրների խմբի հունիսյան հանդիպման արդյունքները, նշելով, որ ինքը կներկայացնի իր տեսակետը Հայաստանի մասին, իբրև ներդրումների համար բարենպաստ երկիր. «Ես շատ ոգեշնչված եմ այն ամենով, ինչ կատարվում է Հայաստանում», -ասաց պարոն Մուրը, անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին և ԱՀԿ անդամակցության համար ստեղծված նախադրյալներին: Նա հույս հայտնեց, որ առկա մի քանի հարցերի վերաբերյալ հնարավոր կլինի բանակցությունների արդյունքում ընդհանուր եզրակացության գալ: