երկուշաբթի, 25 փետրվարի 2008
Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Սերժ Սարգսյանի անունով շարունակում են ստացվել բազմաթիվ շնորհավորանքներ պետությունների ղեկավարներից, տեղի և արտերկրի կազմակերպություններից ու անհատներից:
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Հոսնի Մուբարաքը իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշել է.
«Մեծագույն հաճույքով Ձերդ գերազանցությանն եմ հղում իմ սրտագին շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում Ձեր տարած հաղթանակի կապակցությամբ:
Օգտվելով այս առիթից, ցանկանում եմ ամենայն հաջողություններ Ձեր բոլոր մեծ ծրագրերի իրականացմանը` ի շահ բարեկամ հայ ժողովրդի առաջընթացի ու բարեկեցության»:
* * *
Սերժ Սարգսյանին շնորհավորել և իր բարեմաղթանքներն է հղել Երուսաղեմի հայ պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը.
«Փառք կու տանք Ամենակալին Աստուծո, որ անգամ մը ևս մեզ պարգևեց հանդիսատես լինելու մեր հայրենյաց ազատ ու անկախ Պետության նախագահական ընտրության:
Հայրենիքի և ի սփյուռս տարածված հայությունը անգամ մը ևս ողջունեց նոր արշալույս մը` լուսավոր ապագայի խոստումով:
Որպես Հայ Պատրիարք Երուսաղեմի և հանուն Սրբոց Յակոբեանց Միաբանութեան և մեր ժողովուրդին, կշնորհավորենք Ձեր ընտրությունը և կմաղթենք, որ Աստուծո օրհնությունը զորավիգ և ուղեկից լինի Ձեզ, և Դուք ի գլուխ հայրենի պետության, իրագործեք մեր Հայրենիքի և ժողովուրդի առաջընթացի և բարգավաճման համար ազգանվեր ձեր ծրագիրները», - ասված է Երուսաղեմի պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի շնորհավորական խոսքում:
* * *
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռամկավար ազատական կուսակցության արտերկրի մի շարք կազմակերպություններ:
ՌԱԿ Արևելյան Ամերիկայի և Կանադայի շրջանային վարչության ատենապետ Բաբկեն Մկրյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո վարչապետ,
Ձեր երկար տարիներու վաստակաշատ գործունեությունը հայրենիքի պաշտպանության դիրքերուն վրա, ինչպես նաև Ձեր վարչագիտական ձիրքերը վստահաբար լիովին պիտի արժևորվին առաջիկա տարիներուն ընթացքին` առաջնորդելու համար մեր հայրենիքը դեպի ապահով և բարեբեր ապագա:
Հանուն Արևելյան Ամերիկայի և Կանադայի մեր բոլոր շրջանակներուն, կու գանք հաջողություն մաղթելու Ձեր հայրենանվեր առաքելության»:
Իսկ «Ավանդապահ Ռամկավար ազատական կուսակցության համախմբում»-ի հղած ուղերձում ասված է. «Վերջերս Երևանի մեջ Ձեզի հետ մեր հանդիպման ընթացքին Ձեր մեջ տեսանք հայ ժողովուրդի ապահով ապագայի կերտման հավաստիքը տվող բացառիկ անձնավորությունը, որ իր ամբողջ կարողությամբ պիտի կարենա առաջ տանիլ Հայաստանը` ամրապնդելով անոր տնտեսությունը, ապահովությունը և ժողովրդավարական հիմքերը:
Ռամկավար ազատական կուսակցությունը 1921 թվականեն սկսյալ միշտ ալ եղած է Հայաստանի և անոր պետականության և ժողովուրդին կողքին, և այժմ ևս մեր պատրաստակամությունը կհայտնենք ամբողջովին աջակցելու Ձեր աշխատանքներուն Սփյուռքի թե Հայրենիքի մեջ»:
Թեքեյան մշակութային միության Ամերիկայի և Կանադայի կեդրոնական վարչության ատենապետ Հարություն Արզումանյանը` Միության համատարած շրջանակների և անդամակցության անունից, ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին մաղթել է «ուժ ու կորով` ամրապնդելու համար մեր Հայրենիքի ազատ տնտեսությունը, ապահովելու Արցախի անկախությունը և արմատավորելու Հայրենիք-Սփյուռք սերտագույն հարաբերությունները` ի նպաստ հայ ժողովուրդին»: