երկուշաբթի, 25 փետրվարի 2008
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Կուբիշին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ եվրաինտեգրման գործընթացի հետագա խորացման գործում Հայաստանին` ԵՄ անդամ Սլովակիայի կողմից հնարավոր աջակցության, համագործակցության հետ կապված հարցեր:
Վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է Սլովակիայի հետ քաղաքական ակտիվ երկխոսության հաստատմամբ ու տնտեսական կապերի զարգացմամբ, և որպես Եվրոպայի Խորհրդի անդամ երկիր, Հայաստանն ամբողջովին պաշտպանում է Սլովակիայի արտգործնախարարի նախագահությամբ ԵԽ նախարարների կոմիտեի նախաձեռնությունները:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Կուբիշը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է ՀՀ վարչապետին` Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ և այդ ընտրությունների արդյունքներով պայմանավորված` Սերժ Սարգսյանի հաղթանակի առթիվ, մաղթելով նրան հաջողություններ երկրի ղեկավարի բարձր ու պատասխանատու աշխատանքում: Պարոն Կուբիշը նշել է իր համար հիմք համարվող միջազգային դիտորդական առաքելությունների կողմից ընտրություններին տված գնահատականը, որտեղ դրականի հետ միասին նշվել են նաև դեռևս առկա խնդիրները: Նա ընդգծել է, որ հեղինակավոր այդ կազմակերպությունները, որոնք վերջին 15 տարիներին աշխարհի բազմաթիվ երկրներում դիտորդական առաքելություններ են իրականացրել և շատ լավ պատկերացնում են իրավիճակը, ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո ևս մեկ քայլ առաջ են գնահատում նախագահական ընտրությունները, ինչը Հայաստանի համար շատ կարևոր է: Նա գնահատելի է համարել քաղաքական ուժերին ուղղված` Սերժ Սարգսյանի հանդուրժողականության, զսպվածության կոչը, ինչը, ըստ Յան Կուբիշի, խոսում է առկա խնդիրները օրենքի շրջանակներում և քաղաքական ճանապարհով լուծելու ՀՀ վարչապետի պատրաստակամության մասին:
Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև հետընտրական գործընթացներին, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության հեռանկարին ու ընթացիկ ծրագրերին, հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացներին, ինչպես նաև հայ-սլովակյան կապերի սերտացման անհրաժեշտությանը: Անդրադառնալով երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, երկուստեք ընդգծվել է, որ չնայած առկա ներուժին, դրանք դեռևս բավարար չեն: Տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար Սերժ Սարգսյանը և Յան Կուբիշը կարևորել են համապատասխան իրավական դաշտի ապահովումը, Հայաստանի և Սլովակիայի գործարարների միջև կապերի ակտիվացման և ներդրումների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը: