երեքշաբթի, 21 մայիսի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության Արևմտյան Եվրոպայի և Արևելքի գրասենյակի տնօրեն Կարոլին Միլլերին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Տեղեկացնելով, որ պատվիրակությունը Հայաստանում է գտնվում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին իրենց օժանդակության օգտակարության չափը գնահատելու և նոր ծրագրերի հեռանկարները հստակեցնելու նպատակով, տիկին Կարոլին Միլլերը իր գոհունակությունը հայտնեց համագործակցության ընթացքից ու մակարդակից: Ըստ նրա, մինչև այժմ ձեռք բերված հաջողությունները մեծապես պայմանավորված են եղել համատեղ աշխատանքով, Հայաստանի կառավարության կողմից տարբեր ծրագրերի իրագործմանը ցուցաբերված շահագրգիռ աջակցությամբ: Գրասենյակի տնօրենի կարծիքով, այսօր արդեն օրախնդիր է պետական կառավարման ոլորտի, աղքատության նվազեցմանն ուղղված բարեփոխումների ընդհանուր մակարդակներից անցնել մարզերում ու համայնքներում նախատեսված բարեփոխումների ծրագրերին: Նա ընդգծեց, որ իր երկրի միջազգային զարգացման նախարարությունը առաջիկայում ուշադրությունը կկենտրոնացնի աղքատության խնդիրների լուծման տեղական նախաձեռնությունների վրա մշակված ծրագրերը փորձարկելով Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:
Շնորհակալություն հայտնելով բրիտանական կառավարությանը և պատվիրակության անդամներին Հայաստանում ընթացող բարեփոխումներին օժանդակելու համար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորեց այն հանգամանքը, որ բացի երկկողմ համագործակցությունից, բրիտանական կողմը զգալի օգնություն է ցույց տալիս նաև օտարերկրյա այլ դոնորներին հայաստանյան ծրագրերի մշակման և իրագործման մեջ ներգրավելու համար: Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը իրականացվող բոլոր համատեղ ծրագրերը դիտարկում է հանրապետությունում աղքատության կրճատման ռազմավարության ընդհանուր տեսանկյունից: Այդ առումով, կառավարությունում արդեն իսկ մշակվել ու կյանքի են կոչվում մի շարք հեռանկարային ծրագրեր և օտարերկրյա դոնորների հետ աշխատանքը հիմնականում նպատակուղղված է հենց այդ ծրագրերի մասնավորապես բնաչության սոցիալական հիմնախնդիրների լուծման, պետական կառավարման համակարգի բարեփոխման, տնտեսության գերակա ճյուղերի, սահմանամերձ և մյուս մարզերի ու համայնքների զարգացման և այլ կարևոր ոլորտների բարեփոխումների խթանմանը:
Հանդիպման ժամանակ կողմերը կարևորեցին նաև օտարերկրյա նվիրատուների աշխատանքի ավելի արդյունավետ համակարգման անհրաժեշտությունը: