երեքշաբթի, 26 փետրվարի 2008
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Համոզված եմ, որ Ձեր մասնագիտական և աշխատանքային հարուստ փորձը, խորը գիտելիքներն ու մեծ լավատեղյակությունը կուղղվեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, հանրապետության բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և միջազգային ասպարեզում ու Անկախ պետությունների համագործակցությունում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը:
Վստահություն եմ հայտնում ԱՊՀ ամբողջ տարածքում ինտեգրման գործընթացների զարգացման հարցերի լուծմանն ուղղված համագործակցության հարցում:
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Երևանում` ընտրությունների նախօրեին:
Ամբողջ հոգով ցանկանում եմ Ձեզ` մեծարգո Սերժ Ազատի, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և բոլոր մտահղացումների ու նախաձեռնությունների իրականացում` ի շահ Հայաստանի ժողովրդի»:
* * *
Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ դաշնային խորհրդի անդամ, ՌԴ դաշնային խորհրդի և ՀՀ ազգային ժողովի համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Թանկագին Սերժ Ազատի,
Սրտանց ուրախ եմ և ամբողջ հոգով շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ժողովրդի կողմից տրված այդ բարձր վստահությունը արդյունքն է մինչ այդ Ձեր ունեցած պետական գործունեության, երբ դժվարին պայմաններում հաջողվեց էական հաջողությունների հասնել` հանուն հայ ժողովրդի բարգավաճման: Վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ժամանակի փորձությանը դիմացած եղբայրական կապերը կդառնան ավելի ամուր, իսկ հարաբերությունները մեր ժողովուրդների միջև` ավելի բեղմնավոր, բազմակողմանի ու արդյունավետ: Ես գնահատում եմ մեր անձնական հարաբերությունների բարձր մակարդակը և հույս հայտնում, որ տարեցտարի դրանք միայն կամրապնդվեն:
Մաղթում եմ Ձեզ` թանկագին Սերժ Ազատի, հաջողություններ Ձեր դժվարին և պատասխանատու աշխատանքում` հանուն Հայաստանի աշխատասեր ու տաղանդավոր ժողովրդի բարօրության և հետագա բարգավաճման: Քաջառողջություն, խաղաղություն և երջանկություն եմ ցանկանում Ձեզ»: