երեքշաբթի, 26 փետրվարի 2008
Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական նամակ է հղել Հայաստանի պատերազմի և Զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Հրանտ Հովհաննիսյանը: Նամակում շնորհավորանքի հետ մեկտեղ, նա նաև իր որոշ նկատառումներն ու մոտեցումներն է արտահայտել մեր երկրի ու ժողովրդի համար կարևորագույն խնդիրների լուծման վերաբերյալ: Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո նախագահ,
Ձեզ` հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում մեր բարդ ժամանակներում ընտրելու կապակցությամբ, Հայաստանի պատերազմի և ԶՈՒ վետերանների կոմիտեն ջերմորեն շնորհավորում է, մաղթում քաջառողջություն և գործունեության մեծ հաջողություններ: Մենք ցանկանում ենք, որ Դուք վայելեք ամբողջ ժողովրդի սերը և հարգանքը»:
Նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին տարիներին, ըստ նամակագրի` «մեր ազգային բանակի կազմավորումը, այնուհետ նրա կանոնակարգումը, զորացումն ու հզորացումը պետք է համարել ուղղակի հրաշք: Եվ այսուհետ էլ բանակը մշտապես պետք է գտնվի իշխանությունների և ժողովրդի ուշադրության կենտրոնում, ոչինչ չպետք է խնայել նրա հետագա հզորացման համար: Դրանում անուրանալի վաստակ ունեք Դուք, և հայրենանվեր այդ գործունեությունը, ինչպես և Արցախի ազատագրական պայքարի կազմակերպման առաջավոր դիրքերում գտնվելու հանգամանքը բարձր է գնահատվում ժողովրդի կողմից: Այստեղ է, որ դրսևորվում է ժողովրդի ողջ իմաստությունը` ղեկավարման գերադասություն տալ հայրենանվեր գործունեությամբ ուղղվածություն ունեցող այրերի»:
Կոմիտեի վետերանների վստահեցմամբ` «Կարիք էլ չկա հավատացնելու, որ պատերազմի վետերանները հայրենիքին և ազգին ամենանվիրյալ մարդիկ են և, մայրամուտից առաջ, այլ նպատակ չունեն, քան տեսնելու իրենց երկիրը բարեկարգ ու հզոր վիճակում: Նրանք այսուհետ էլ իրենց ուժերը կնվիրաբերեն այդ վեհ նպատակներին, իսկ պատասխանատու մարմինները պետք է կարողանան ավելի ճշգրտորեն օգտագործել նրանց անթեղված ուժերը:
Այս նամակը գրվել է Ձեր նկատմամբ ունեցած հավատով, կարծում եմ, Ձեր վերաբերմունքով կհաստատեք այդ հավատը:
Կրկին ցանկանում ենք Ձեզ արևշատություն և բեղմնավոր գործունեություն` ի փառս Հայաստան երկրի»: