երեքշաբթի, 26 փետրվարի 2008
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվային և նրա գլխավորած պատվիրակությանը:
Իլկա Կաներվան ջերմորեն շնորհավորել է Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, նշելով, որ ապրիլի սկզբին հնարավորություն կունենա ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանն ուղղարկելու իր հատուկ ներկայացուցիչ Հայկե Տալվիտիեին: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահական ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու համար, որոնց ներկայությունը, ըստ ԵԱՀԿ գործող նախագահի, շատ կարևոր է ընտրությունների գործընթացի և արդյունքների օբյեկտիվ գնահատման տեսակետից: Ըստ նրա, ԵԱՀԿ-ն և Եվրամիությունը մեծ կարևորություն են տալիս մեր երկրի հետ համագործակցության զարգացմանը, հուսալով, որ Հայաստանն այսուհետ ևս կշարունակի նույն հաջողությամբ բարեփոխումներ իրականացնել` ժողովրդավարության եվրոպական արժեքներին համապատասխան: Հաջողություն մաղթելով Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահի պատասխանատու պաշտոնում իր հետագա գործունեության մեջ, Իլկա Կաներվան խնդրել է նրան առաջիկա արտասահմանյան պաշտոնական այցերի ընթացքում չմոռանալ նաև հյուսիսային երկրները, այդ թվում` Ֆինլանդիան:
Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հավաստել է ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանը հետևողական ու հաստատակամորեն առաջ տանելու իր ցանկությունն ու վճռականությունը: Նա բարձր է գնահատել ԵԱՀԿ դիտորդական առաքելության գործունեությունը, նշելով, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված զեկույցը հավասարակշռված և օբյեկտիվ էր: Ըստ նրա, ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության եզրակացություններն անգնահատելի ներդրում են մեր երկրում ժողովրդավարության զարգացման գործում, իսկ ներկայացված զեկույցում արծարծված հիմնախնդիրներն ու առաջարկությունները ուշադրության կառնվեն և համապատասխան քայլեր կձեռնարկվեն դրանց կարգավորման ուղղությամբ: ՀՀ վարչապետը նշել է, որ ընտրությունների անցկացման հետ կապված բոլոր բողոքները հանգամանորեն ուսումնասիրվում են, իսկ մի շարք փաստերի առնչությամբ արդեն քրեական գործեր են հարուցվել: Նա համոզմունք է հայտնել, որ ձեռնարկվող քայլերը կամրապնդեն հասարակության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ:
Հանդիպման ժամանակ Իլկա Կաներվան և Սերժ Սարգսյանն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` հայ-թուրքական հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: