հինգշաբթի, 28 փետրվարի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Գործադիրը հավանություն է տվել «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրենքը կարգավորում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և զարգացման գործընթացներում ծագող իրավահարաբերությունները, ներառյալ` ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, հետազոտման, կիրառման, վերականգնման, ուսուցման, տարածման, այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությունը, ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, միջազգային մշակութային համագործակցության, ՀՀ-ի և այլ պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցության խնդիրները, սահմանում է այդ ոլորտներում ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցության ընթացակարգերը, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները: Հարցի զեկուցման ժամանակ նշվել է, որ օրենքի ընդունումը հնարավորություն կստեղծի պահպանել, մոռացությունից փրկել ոչ նյութական մշակութային ժառանգությունը, կնպաստի դրա ուսումնասիրությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային համապատասխան կառույցների հետ համագործակցության ակտիվացմանը` ապահովելով ոչ նյութական մշակութային արժեքներ ստեղծող, պահպանող ու փոխանցող համայնքների, խմբերի հնարավորինս լայն մասնակցությունն այդ ժառանգության պահպանության, զարգացման և տարածման գործին:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է պարզեցնել սահմանված ժամկետից շուտ կենսաթոշակ նշանակելու ընթացակարգը, հստակեցնել կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող զավակների շրջանակը, ինչպես նաև մասնագիտական ապահովագրական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները, օրենքում ամրագրել կենսաթոշակները տվյալ ամսվա ընթացքում վճարելու դրույթը (ինչը ներկայումս արդեն իսկ կիրառվում է) և այլն: Նույն որոշմամբ հավանություն է տրվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերին ևս:
«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է հիմնադրել «Հայաստանի ազգային մրցունակության» հիմնադրամ և հաստատել է դրա կանոնադրությունը: Որոշվել է «Հայաստանի ազգային մրցունակության» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հիմնադրամի պետական գրանցման պահից գործադիր տնօրեն նշանակել ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 8-ի N 1324-Ա որոշման հիման վրա ՀՀ վարչապետի 2007թ. դեկտեմբերի 13-ի N 880-Ա որոշմամբ նշանակված անձին` Գայանե Աֆրիկյանին: ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 52 մլն դրամ է հատկացվել «Հայաստանի ազգային մրցունակության» հիմնադրամին ` որպես գույքային ներդրում: Մեկ այլ որոշմամբ, դրա հետ կապված համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 8-ի N 1324-Ա որոշմամբ հաստատված «Ազգային մրցունակության խորհրդի կանոնադրության» մեջ:
«Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է հատուկ քննչական ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատակարգը, որով կանոնակարգվում են հիշյալ ծառայության գլխավոր և առաջատար խմբի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է Հայաստանի Հանրապետության ու Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005թ. հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» N4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում հիշյալ ծրագրով ձեռք բերված գույքի կազմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` 66.901.401 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին, ինչպես նաև խմելու ջրի մայր ջրագծերի ու ներքին ցանցերի վերականգնման նպատակով կատարված ծախսերը` 83.153.160 դրամի չափով, առաջարկել ավելացնել համապատասխան համայնքների սեփականությունը հանդիսացող կառույցների հաշվեկշռային արժեքներին: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարին, ՀՀ գյուղատնտեսության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին, ՀՀ Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու մարզպետներին:
Այլ որոշումներով կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2007-2008թթ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման, ինչպես նաև «Բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության ստեղծման մասին» կոնվենցիային ՀՀ-ի միանալու առաջարկություններին:
Նիստում հաստատվել է նաև ՀՀ 2008թ. պետական բյուջեի հաշվին 01.04.01թ. «Նոր մրցույթով անցած բազային ֆինանսավորմամբ ծրագրերի իրականացում» ծրագրի շրջանակներում անցկացված մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների ցանկը:
Գործադիրը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագծին, որով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի համաձայն, առաջարկվող լրացումներով նախատեսված մասնավորեցման գործարքները կարող են իրականացվել 2008թ. կամ հետագա տարիներին:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել նաև «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գրանցվում» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը թույլատրել է ՀՀ բնապահպանության նախարարության «Կոլչեդան» պետական ՓԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով, այդ թվում` Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ Բանավան համայնքի անշարժ գույքով (այդ թվում` 510քմ հանրակացարանի շենք և 402 քմ լաբորատորիա), Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում գտնվող 792.3քմ հանրակացարանի շենքով և դրա զբաղեցրած 0.12 հա հողատարածքով, 67.3 քմ պահեստով և դրա զբաղեցրած 0.015 հա հողատարածքով, 696 քմ ընդհանուր մակերեսով աշխատանոցային շինությամբ և փայտյա տնակներով և դրանց զբաղեցրած 0.25 հա հողատարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերման դիմաց: Որոշվել է ՀՀ-ի կողմից ձեռք բերված նշված գույքն ու հողատարածքը (ընդհանուրը`0.3850 հա) ամրացնել «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Որոշվել է նաև Կապանի Արփիկ Բանավան համայնքի անշարժ գույքը հանձնել Կապանի քաղաքային համայնքին, իսկ Վայք քաղաքում տեղակայված բնակելի փայտյա տնակները, հանրակացարանները, պահեստը և աշխատանոցային շինությունը` իրենց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքներով, հանձնել Վայքի քաղաքային համայնքին: Որոշման համաձայն, «Կոլչեդան» պետական ՓԲԸ-ի` 21 մլն 800 հազար դրամ գնահատված արժեքով բաժնետոմսերը կմասնավորեցվեն մրցույթով:
Մեկ այլ որոշմամբ «Ջրշին» շինարարական պետական ՓԲԸ-ի` 560 հազար դրամ գնահատված արժեքով բաժնետոմսերը կմասնավորեցվեն դասական աճուրդով:
Նիստում որոշում է ընդունվել նաև ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տնօրինության ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի N14 հասցեում գտնվող կենցաղի տան շենքի մի շարք տարածքներ աճուրդով մասնավորեցնելու վերաբերյալ:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել ՀՀ Արագածոտնի մարզի Հակկոյի գյուղական համայնքի ղեկավար Ռաշիդ Սադոյանի լիազորությունները` վերջինիս հրաժարականի կապակցությամբ: Որոշվել է նաև որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին 427460.7 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:
Գործադիրը որոշել է նաև որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Գեղարքունիքի մարզի Նորաբակի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն, որը պայմանավորված է վերջիններիս լիազորությունների դադարեցման հետևանքով, համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացման անհնարինության հանգամանքով: Արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ ԿԸՀ-ին հատկացվել է 427836.65 դրամ:
Նիստի ավարտին վարչապետը ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին մեկ անգամ ևս հիշեցրել է, որ պետք է ամենօրյա մոնիտորինգ իրականացնել, և համաշխարհային շուկայում կատարվող գնաճի փոփոխությունների անդրադարձը մեր շուկայում պետք է լինի օբյեկտիվ: Եթե անհրաժեշտ է` օպերատիվ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ավելորդ գնաճեր չլինեն: