ուրբաթ, 29 փետրվարի 2008
Այսօր ՀՀ կառավարությունում ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին: Հանդիպումից հետո նրանք ստորագրել են Քաղաքական համագործակցության համաձայնագիր, այնուհետև ստորագրման արարողությանը ներկա լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել համաձայնագրի շրջանակներում նախատեսվող համագործակցությունը:
Քաղաքական համագործակցության համաձայնագիր
2008թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունները փուլային նշանակություն ունեն մեր երկրի համար
- կարևորելով Հայաստանի Հանրապետությունում քաղաքական համակարգի զարգացման և արդիականացման, երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները հաղթահարելու, կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարի, երկրում անվտանգության համակարգի ամրապնդման ու զարգացման հրամայականները,
- միջազգային հանրությանն առավել ինտենսիվ կերպով ինտեգրվելու, տնտեսության ազատ և մրցակցային զարգացման, հասարակական առողջ հարաբերությունների և դեպի զարգացում տանող քաղաքական գործընթացների անհրաժեշտությունը,
- ժողովրդավարական սկզբունքների հիման վրա արդյունավետ գործող քաղաքական ինստիտուտների ձևավորման, առողջ մրցակցային ու գործընկերային հարաբերությունների մշակույթի արմատավորման անհրաժեշտությունը, հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները, նկատի ունենալով, որ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի` նախագահական ընտրություններում ստացած հանրային վստահության քվեն համագումարով գերազանցում է ավելի քան 1.100.000 ձայնը, որը կազմում է քվեարկությանը մասնակից քաղաքացիների շուրջ 70%-ը,
- ողջունելով և համաձայնություն արտահայտելով ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունն ուղղված ՀՀ նախագահի թեկնածու, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին` համագործակցելու պետության ռազմավարական ղեկավարման համակարգում, և ստանձնելու ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները,
ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը կնքում են քաղաքական գործակցության համաձայնագիր կոալիցիոն կառավարություն կազմավորելու ձևաչափով` այլ համագործակից ուժերի հետ միասին ի նպաստ երկրի և ժողովրդի զարգացման և անվտանգության:
ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյան