կիրակի, 2 մարտի 2008
ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին: Հանդիպման սկզբում նա նախ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Այնուհետ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ընթացող հետընտրական գործընթացներին, այդ թվում՝ ընդդիմության չարտոնված հանրահավաքի պատճառով նախորդ օրը մայրաքաղաքում ստեղծված չափազանց լարված իրավիճակին և այդ լարվածության հանգուցալուծման հնարավոր ուղիներին: Հեյկի Տալվիտիեն տեղեկացրել է, որ Հայաստանում գտնվելու այս օրերին ունենալու է հանդիպումների բավականին խիտ գրաֆիկ՝ զրուցելով նաև ընդդիմադիր ուժերի հետ: Նա ընդգծել է, որ ե՛ւ ԵԱՀԿ գործող նախագահի, ե՛ւ իր ցանկությունն է, որպեսզի երկրում ավելի չսրվի իրավիճակը և կողմերն անեն ամեն հնարավորը՝ առկա լարվածությունը թուլացնելու համար:
Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ իշխանությունները նույնքան շահագրգիռ են այդ հարցում և ի սկզբանե կոչ էին անում գործել բացառապես օրինականության սահմաններում, լինել հանդուրժողական և պատրաստակամություն հայտնում համագործակցության, սակայն չարտոնված հանրահավաք հրահրողները, ակնհայտորեն, անում էին ամեն ինչ այնպիսի ելք ունենալու համար, ինչպիսին եղավ մարտի 1-ին: Նա ընդգծել է, որ երկրում հասարակական կարգի և կայունության հաստատմամբ ու պահպանմամբ շահագրգիռ իշխանությունները շարունակելու են այդ ուղղությամբ ջանքերը: