երեքշաբթի, 4 մարտի 2008
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի պետական քարտուղար կարդինալ Տարչիզիո Բեռտոնեին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով կարդինալին, վարչապետը նշել է, որ շատ ուրախ է Հայաստան Նորին Սրբության պաշտոնական այցի համար, որը կայանում է առաջին անգամ: 2001թ. սեպտեմբերին Նորին Սրբություն Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Բ-ի մեր երկիր կատարած այցը, ըստ վարչապետի, լավագույն հիմքեր ստեղծեց Հայաստանի և Վատիկանի միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացման համար, իսկ Հայաստանում քրիստոնեության` որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների ընթացքում քրիստոնեական համերաշխության ցուցադրումը հանդիսացավ այդ հարաբերությունների զարգացման լավագույն գրավականը: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել նաև ս/թ փետրվարի 22-ին Վատիկանում Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող հրապարակի բացման, ինչպես նաև այդ արարողության ժամանակ Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի կողմից հայ ժողովրդի հասցեին հնչեցրած ջերմ խոսքերի համար:
Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի պետական քարտուղար կարդինալ Տարչիզիո Բեռտոնեն նշել է, թե հայ ժողովրդի հանդեպ սիրո զգացումով է պայմանավորված իր այցը Հայաստան, և Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդն իր միջոցով հաստատում է հայ ժողովրդի մասին ասված խոսքերը: «Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ մենք աղոթեցինք Հայաստանի խաղաղության և ներկայիս վիճակը հաշտությամբ ու քաղաքական երկխոսության ճանապարհով լուծելու համար, և հուսով ենք, որ այդպես էլ կլինի»,-ասել է Կարդինալ Տարչիզիո Բեռտոնեն:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել և վստահեցրել, որ ամեն ինչ արվում է հասարակության մեջ հանդուրժողականության, քաղաքական ուժերի միջև համագործակցության հաստատման և երկիրը զարգացման կայուն ուղով առաջ տանելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է աղքատության դեմ պայքարի ջանքերի շարունակումը: Վարչապետը հյուրին ներկայացրել է մինչ այժմ այդ նպատակով իրականացված աշխատանքի արդյունքներն ու առաջիկա ծրագրերը, որոնք Կարդինալը միանգամայն ողջունելի է համարել: