երեքշաբթի, 4 մարտի 2008
Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ կուսակցությունների ղեկավարների կողմից համատեղ հայտարարություն ստորագրելուց հետո
Ինչ որ մենք մտածել ենք, մենք շարադրել ենք մեր հայտարարության մեջ: Ցանկանում եմ ևս մի քանի բան ավելացնել.
Այն սցենարը, որ իրագործվում է հայ ժողովրդին և ՀՀ իշխանություններին վարկաբեկելու համար, շարունակվում է, և մենք դեռևս լուրջ ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի այդ սցենարն իրականացնողներին կարողանանք համոզել, որ նրանք ճիշտ ճանապարհի վրա չեն:
Երևի լսել եք, որ վերջին երկու-երեք օրերի ընթացքում մեր սահմաններում նույնպես անհանգիստ վիճակ է: Այսօր վաղ առավոտյան ադրբեջանցիները գրոհ են ձեռնարկել մեր մարտական դիրքերից մեկի վրա և նրանց ժամանակավորապես հաջողվել էր համարյա թե գրավել այդ դիրքը: Մենք առաջարկել ենք, համապատասխան կառույցների միջոցով, Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը` դադարեցնել սադրանքը, ետ քաշվել մեր դիրքերից և մերժում ենք ստացել: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս ժամի դրությամբ այդ դիրքը գտնվում է մեր հսկողության տակ և հակառակորդը` թողնելով բազմաթիվ դիակներ, ճողոպրել է:
Երկրորդ` ուզում եմ հավատացնել մեր ժողովրդին, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի երևան գան զանգվածային անկարգության կազմակերպիչներն ու մասնակիցները: Անկախ նախկինում գրաված դիրքից, անկախ այսօրվա ունեցած պաշտոններից և անկախ մեղքի չափից, նրանք բոլորը պետք է կանգնեն դատարանի առջև, և մենք մեկընդմիշտ պետք է վերջ տանք Հայաստանում այսպիսի փորձերին:
Առիթից օգտվելով, դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այդ վայրագություններին և խորհուրդ եմ տալիս` կամավոր դիմել իրավապահ մարմիններին: Վստահ եմ, որ այս հանգամանքը կթեթևացնի նրանց մեղքը և իրավապահ մարմինները հաշվի կառնեն այս հանգամանքը: