երեքշաբթի, 4 մարտի 2008
Գագիկ Ծառուկյանի խոսքը ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ կուսակցությունների ղեկավարների կողմից համատեղ հայտարարություն ստորագրելուց հետո
Ես, որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, կուսակցության անունից, կուսակցության քաղաքական խորհրդի և խմբակցության անունից լիակատար մեր աջակցությունն եմ հայտնում ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու, բնակչության իրավունքների, օրինական շահերը պաշտպանելու համար մարտի 1-ից Երևան քաղաքում արտակարգ դրություն հաստատելու նախագահի հրամանագրին, որը, ցավոք, միակ ելքն էր, որը կարող էր շտկել այդ լարված իրավիճակը: Եվ ես ուզում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մտերիմներին, և ուզում եմ ասել, որ մենք խստորեն դատապարտում ենք ատելությամբ, չարությամբ, ոխակալության հիմունքների վրա դրված այդ բոլոր գործողությունները, որը կարող էր և ավելի լարել այդ իրավիճակը: Եվ հիմնականում մեր բոլորի, բոլոր քաղաքական ուժերի խնդիրն է, որ կարողանանք միասնական այդ իրավիճակը տեղափոխել քաղաքակիրթ քաղաքական դաշտ, ոչ թե քաղաքական մտքերի ու գաղափարների պայքարը վերածել ատելության և թշնամանքի: Այնպես որ, ինչքան մենք` քաղաքական ուժերը, կարողանանք այդ դաշտից տեղափոխվել քաղաքակիրթ դաշտ, այնքան մեր ժողովուրդը կկարողանա վերադառնալ իր կյանքի նախկին հունով շարժվելուն, հնարավորություններ կտրվեն քաղաքական երկխոսության, բանավեճերի: Եվ ես համոզված եմ, որ Հայաստանի քաղաքական ուժերի գործունեության հիմքում պետք է լինի ազգային միասնությունը, հասարակության համաձայնության գաղափարախոսությունը: