հինգշաբթի, 6 մարտի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը ևս մեկ անգամ անդրադարձել է ետընտրական շրջանում երկրում առաջացած ներքաղաքական իրավիճակին, նաև տվել որոշակի հանձնարարականներ.
«Ուզում եմ մեկ անգամ ևս փաստել, որ տեղի ունեցավ այն, ինչի մասին ամիսներ շարունակ մենք խոսում էինք, բայց չկարողացանք կանխել: Եվ եթե չկարողացանք կանխել, ապա մեղավոր ենք նաև մենք: Բայց մեղավորների մասին չի, որ այսօր ուզում եմ խոսել, այլ այդ աղետի հետևանքների վերացման մասին, որովհետև բացի մարդկային կորուստներից (որոնք կարող էին լինել ավելի շատ, եթե համարժեք միջոցներ չձեռնարկվեին), մենք ունեցանք նյութական կորուստներ, բարոյական կորուստներ` կապված մեր երկրի անվտանգության հետ, և կորուստներ` կապված մեր երկրի միջազգային հեղինակության հետ: Առաջինը շատ հեշտ է և արագ վերացվող է, այս առումով քաղաքապետարանը, ֆինանսների և արդարադատության նախարարությունները շատ արագ պետք է արձագանքեն և առաջարկություններ ներկայացնեն: Երկրորդ խնդրով` հասարակության մեջ չարությունը մեծացել է, հասարակությունը երկփեղկված է, և այս առումով, ես ակնկալում եմ բոլորիդ ակտիվ աշխատանքը այս ուղղությամբ: Պետք է մտնել երկխոսության մեջ, պետք է վիճել, բացատրել նույնիսկ` եթե դիմացինդ չի հասկանում: Նույնիսկ` եթե դիմացինդ ատելությունից կուրացած է: Երրորդ, ես պասիվություն եմ նկատում բոլորիդ աշխատանքներում, միջազգային կազմակերպությունների հետ կապված, ընդհանրապես, իրավիճակը ճիշտ ներկայացնելու հետ կապված: Ես առաջարկում եմ, որպեսզի բոլորդ ուշադրությամբ ուսումնասիրեք բոլոր այն նյութերը, որոնք մատուցվում են պաշտոնական խողովակներով, պետական կառավարման մարմինների կողմից և ձեզ հավաստիացնում եմ, որ այս տեղեկատվությունը ճշմարտություն է և առանց վարանելու դուք կարող եք հենվել այս փաստերի վրա: Փառք Աստծո, որ մեր բանակը կարողացավ մեկ անգամ ևս ապացուցել, որ կայացած կառույց է և կարողացավ համարժեք արձագանքել մեր անվտանգությանն սպառնացող խնդիրներին: Մենք այս իրավիճակը նկարագրել էինք Ազգային անվտանգության հայեցակարգում, այն ժամանակ, երբ շատ-շատերին թվում էր, թե սա տեսական դրույթ է, որ այսպիսի բաներ հնարավոր չեն: Ցավոք սրտի, հնարավոր եղավ: Եվ նորից եմ կրկնում, փառք Աստծո, որ մեր անվտանգության ուժերը կարողացան այստեղ համարժեք լուծումներ գտնել: Բոլորիդ կոչ եմ անում լինել ակտիվ, լինել նախաձեռնող, մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն: Սա հարյուր տոկոս խոստանում եմ բոլորիդ. սա խոստում չի, սա պարտականություն է, որ ես անելու եմ: Իսկ հիմա, առաջին հարցի հետ կապված, էլի ֆինանսների նախարությանը, մաքսային և հարկային մարմիններին հանձնարարում եմ` մի գրամ իսկ չթեթևացնել ձեր աշխատողների ծանրաբեռնվածությունը: Բոլոր մուտքերը պետք է ժամանակին ապահովել: Հաջորդ խնդիրը. կարծում եմ, որ գյուղնախարարությունը պետք է մի քիչ ավելի ակտիվ զբաղվի մեր գարնանային գյուղատնտեսական աշխատանքներով, մտածենք լրացուցիչ օժանդակության ձևեր, որպեսզի կարողանանք այս ժամանակաշրջանն անցնել, որպեսզի մենք ամառը և աշունը ունենանք լավ բերք: Եթե կլինեն ծրագրեր, ուրեմն` անմիջապես քննարկենք և իրականացնենք»,- նշել է ՀՀ վարչապետը:
Նիստի օրակարգի հարցերից կառավարությունը հաստատել է ՀՀ 2008թ. պետական բյուջեում ընդգրկված` ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից անասնաբուժության բնագավառում իրականացվող ծրագրով նախատեսված միջոցառումը: Այն ներառում է համայնքներում անասնահամաճարակային միջոցառումների իրականացում համայնքային անասնաբույժների կողմից` եռակողմ պայմանագրի հիման վրա:
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրենքի նախագծով առաջարկվում է, մասնավորապես, հստակ սահմանել անվճար հատկացվող պարտադիր օրինակի քանակը, ստացող կազմակերպությունները, դրանց իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև փաստաթուղթ պատրաստողների (անկախ նյութական կրիչից) իրավունքներն ու պարտականությունները, որոնք ամրագրված չեն գործող օրենքում, կամ ամրագրված են մասնակի: Առաջարկվում է նաև օրենքում ավելացնել նոր գլուխ` «Փաստաթղթերի պարտադիր օրինակի պետական կառավարումը», որտեղ տարազատվում են ՀՀ կառավարության և լիազոր պետական մարմնի իրավասությունները, ինչը կապահովի օրենքի հետագա կիրարկումը:
Կառավարությունը վերաբաշխում է կատարել «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ, որի համաձայն ՀՀ Արարատի մարզի գ. Վարդաշենի դպրոցի հիմնանորոգման և գ. Մրգանուշի 450 տեղանոց դպրոցի շինարարության համար հատկացված համապատասխանաբար 80 մլն և 120 մլն դրամները կուղղվեն Վարդաշեն գյուղում նոր, 450 աշակերտական տեղով դպրոցական շենքի կառուցմանը:
Գործադիրը հաստատել է «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց «Արև» համակարգի ուսուցման և համակարգչային տեխնիկայի տրամադրման կարգը: Որոշման ընդունումը նպատակ ունի հաշմանդամներին ինտեգրել հասարակություն, կանոնակարգել տեսողական խնդիրներ ունեցող անձանց «Արև» հատուկ համակարգչային համակարգի ուսուցման և համակարգչային տեխնիկայի տրամադրման գործընթացը, սովորելու և աշխատելու պայմաններ ապահովել տեսողությունը կորցրած հաշմանդամների համար:
Մեկ այլ որոշմամբ հաստատվել են պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոնները: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
Կառավարությունը հաստատել է «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Առևտրի համաշխարհային կազմակերպության հետանդամակցային պարտավորությունների իրականացման» 2008թ. ծրագիրը, որն ուղղված է ԵԱՀԿ հետանդամակցային պարտավորությունների պատշաճ մակարդակով կատարման ապահովմանը:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Խորվաթիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի «ՀՀ կառավարության 2007թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշմամբ, որի համաձայն հոգեկան առողջության բնագավառի իրավական դաշտի բարելավումը սահմանված է առողջապահության բնագավառի գերակա խնդիր:
«Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումները (դասային աստիճանների, որակավորման դասերի) հատուկ քննչական ծառայության դասային աստիճաններին համապատասխանությունը:
Հիմք ընդունելով 2008թ. փետրվարի 6-ի` ՀՀ բնապահպանության նախարարության և ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի միջև ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ հուշագիրը, կառավարությունը որոշել է հանձնարարել ՀՀ բնապահպանության նախարարին` ՀՀ տարածքում ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման գործունեություն իրականացնելու նպատակով փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու ուղղությամբ բանակցություններ վարել ՌԴ «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ-ի հետ, ինչպես նաև թույլատրել նոր ստեղծվող ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ներդնել սեփականության իրավունքով ՀՀ-ին պատկանող երկրաբանական տեղեկատվությունը` 46 մլն 120.5 հազար ՀՀ դրամի չափով: Սահմանվել է, որ ստեղծվող ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի առնվազն 50 տոկոսը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությանը: ՓԲԸ-ի ստեղծման նպատակով ՀՀ-ի անունից ՓԲԸ-ի հիմնադիր պայմանագրի և այլ փաստաթղթերի ու կանոնադրության հաստատման, ինչպես նաև դրա համար օրենքով նախատեսված բոլոր գործողությունների իրականացման իրավունքը վերապահվել է ՀՀ բնապահպանության նախարարին: ՀՀ բնապահպանության նախարարին են վերապահվել նաև նորաստեղծ ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին, ՀՀ արդարադատության և բնապահպանության նախարարներին հանձնարարվել է` համատեղ քննարկել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջարկությունները և, անհրաժեշտության դեպքում, դրանք հաշվի առնել որոշման նախագծում:
«Իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի 27-ի «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամ ստեղծելու մասին» N 881 որոշման մեջ: Լրացման համաձայն, մասնավորապես, «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի կառավարման մարմնի հոգաբարձուների խորհրդի տնօրինմանը հանձնված` Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի N 10 հասցեում գտնվող 3932.5 քմ. մակերեսով և 17369.205 հազար դրամ սկզբնական արժեքով 6-րդ մասնաշենքը և 0.69803 հա հողատարածքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին, ինչպես նաև նույն հասցեում գտնվող 4943.2 քմ. մակերեսով և 22313.6 հազար դրամ սկզբնական արժեքով 7-րդ մասնաշենքի 2-8 հարկերը` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, նվիրաբերվել, իսկ 682.0 քմ ու 3076.4 հազար դրամ սկզբնական արժեքով առաջին հարկը նվիրատվության կարգով օտարվել է «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամին` այն հետ վերցնելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ից: Որոշվել է նաև «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի կառավարման մարմնի հոգաբարձուների խորհրդի տնօրինմանը հանձնված 40.0 քմ. մակերեսով և 4973.551 հազար դրամ սկզբնական արժեքով էլեկտրաենթակայանը, 360 քմ մակերեսով և 6001.320 հազար դրամ սկզբնական աժեքով կաթսայատունը, նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, նվիրաբերել «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամին: Որոշմամբ նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ից հետ է վերցվել 0.1977 հա հողատարածքը և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամին:
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին և ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է «Լոգիստիկ կենտրոն» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված և «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Այվազովսկի 4/1 հասցեում գտնվող 6923.4 քմ. մակերեսով անշարժ գույքը` իր զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 9824.74 քմ հողամասով, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Սարգիս Խանոյան» ՍՊԸ-ին: Որոշվել է նաև հիշյալ ընկերության կազմից առանձնացված և «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Այվազովսկի 4/1 հասցեում գտնվող 3600 քմ. մակերեսով անշարժ գույքը` իր զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 4133.76 քմ. հողամասով, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Օֆելյա Մկրտչյանին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ավագանու առաջարկությունը, կառավարությունը որոշել է որպես նվիրաբերություն ընդունել Հրազդանի քաղաքապետարանի` Կենտրոն թաղամասում գտնվող N 19 մսուր-մանկապարտեզի շենքից 300 քմ. մակերեսով և 2432.97 հազար դրամ արժեք ունեցող տարածքը, շենքի զբաղեցրած հողատարածքի համապատասխան մասը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը և այն, որպես պետական սեփականություն, ամրացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հրազդան քաղաքում գտնվող ստորաբաժանումները տեղակայելու նպատակով: