երեքշաբթի, 4 հունիսի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ Մարտին Հարությունյանին:
Քննարկվեցին հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակին առնչվող խնդիրներ: Երկուստեք կարևորվեց համագործակցությունը բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման գործում:
Որպես առաջնային խնդիրներ նշվեցին 2000թ. դեկտեմբերին ընդունված «Արհմիությունների մասին» օրենքի դրույթների կատարման ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման հարցերը, որոնց թվում են ՀՀ կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև ստորագրվելիք արտադրության խթանման և աշխատանքի պաշտպանության, աշխատանքի վարձարտրության, կենսաթոշակների, բնակչության եկամուտների կարգավորման հարցերի մասին համաձայնագրի, ՀՀ նախարարությունների և ճյուղային արհմիությունների միջև համաձայնագրերի մասին և ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում կոլեկտիվ պայմանագրերի ընդունման մասին հարցերը:
Վարչապետը հանձնարարեց սոցիալական ապահովության նախարարությանը, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին և շահագրգիռ այլ նախարարություններին ու գերատեսչություններին՝ ակտիվացնել աշխատանքը կառավարության և ՀԱՄԿ-ի միջև համագործակցության համաձայնագրի դրույթների նախապատրաստման ուղղությամբ:
Հանդիպման ժամանակ երկուստեք ընդգծվեց կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի դրական և համագործակցված աշխատանքը նոր Աշխատանքային օրենսգրքի նախագծի մշակման գործում:
Ընդգծվեց, որ այս և այլ հարցերը կարգավորելու համար անհրաժեշտ կլինի շարունակելու կառավարության և արհմիությունների կոնֆեդերացիայի սերտ համագործակցությունը:
Վարչապետը նշեց, որ երկրի տնտեսական քաղաքականությունն իրականացնելիս, հատկապես սոցիալական և աշխատանքային հարաբերությունների ոլորտներում, կարևորում է արհմիությունների դերը:
ՀԱՄԿ-ի նախագահը իր պատրաստակամությունը հայտնեց արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի սեփականությունը հանդիսացող Սևանի և Արզնիի անավարտ պանսիոնատների և հանգստյան տների հետագա ճակատագիրը վճռել կառավարության հետ համագործակցության և քննարկումների արդյունքում:
Կողմերը անդրադարձան նաև սոցիալական անապահով խավի առողջարանային բուժման, հանգստի կազմակեպմանն առնչվող և այլ խնդիրների: