հինգշաբթի, 6 մարտի 2008
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը և դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Սթիվեն Բենքսը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում ետընտրական շրջանում առաջացած իրավիճակին, դրանից հնարավորինս արագ դուրս գալու հնարավորություններին, ինչպես նաև ԼՂՀ-ի և Ադրբեջանի շփման գծում մարտի 4-ին զինադադարի ռեժիմի խախտման դեպքից հետո, այլևս նման դեպքերը բացառելու ուղղությամբ գործադրված ջանքերին ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային:
ՀՀ վարչապետին ներկայացնելով իր այցի նպատակը, ըստ որի ԱՄՆ պետքարտուղարի կողմից գործուղվել է Հայաստան` տարբեր կողմերի հետ հանդիպումների արդյունքում պատկերացում կազմելու առկա իրավիճակի մասին և փոխանցելու որոշակի ուղերձներ, պարոն Բրայզան Սերժ Սարգսյանին ասել է, թե մինչ հանդիպումը հասցրել է հեռուստատեսությամբ լսել այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետի կառուցողական խոսքը և շատ ուրախ է այն շեշտադրումների համար, որոնք կային այդ խոսքում. «Դա այն էր, ինչ ես ակնկալում էի, որ մեր հանդիպման արդյունքում կլսեի Ձեզնից, բայց Դուք, ի ուրախություն ինձ, արդեն իսկ հնչեցրել եք»,-ասել է Մեթյու Բրայզան: Ըստ նրա, ժամանակն է լարվածությունը վերացնելու, բոլորը պետք է պատասխանատվություն հանդես բերեն և գիտակցեն, որ պետք է վերականգնվի այն դրականը, ինչ ուներ Հայաստանը մինչ այս իրավիճակը: Խոսելով հայտարարված արտակարգ դրության մասին և նշելով, որ այն, բնականաբար, չի կարող անվերջ շարունակվել, ու ներկայումս ջանքերը պետք է ուղղվեն նաև այդ խնդրի լուծմանը, Մեթյու Բրայզան համակարծիք է եղել վարչապետի հետ, որ արտակարգ դրությունը, իրոք, մի գործիք է, որը թույլ է տալիս լարվածությունը թուլացնել և գործընթացներն ուղղորդել դեպի իրենց բնականոն հուն: Նա ընդգծել է, որ անհնար է առաջ գնալ ժողովրդավարության ուղով, եթե երկրում չկա կարգ ու կանոն:
Սերժ Սարգսյանը նշել է, որ այսօրվա կառավարության նիստում որևէ արտառոց հայտարարություն չի արել: Ասել է այն, ինչ ասում է արդեն մի քանի ամիս: Նա ընդգծել է, որ, անշուշտ, պետք է շարունակել երկխոսությունը բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են իշխանությունների հետ աշխատել, իսկ ովքեր չեն ցանկանում` ըստ վարչապետի, նույնպես մեր քաղաքացիներն են, ովքեր օրենքի սահմաններում գործելու պարագայում, կարող են մտածել, ինչ ուզում են, բայց օրենքը խախտելու դեպքում` պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար: Նա նշել է, որ ծայրահեղականների դեմ ՀՀ իշխանությունները պայքարելու են, ինչպես Միացյալ Նահանգներում: Վարչապետի խոսքերով, որպեսզի իրավիճակը կայունանա, պետք է նաև օբյեկտիվ և ճիշտ գնահատականներ տրվեն բոլոր կողմերից: «Ես կարծում եմ, որ մենք դեռևս շատ անելիքներ ունենք և, իրոք, կպայքարենք երկրում իրավիճակը կայունացնելու և բարեփոխումները շարունակելու համար: Վստահ եմ, որ մեզ հաջողվելու է: Մեզ այժմ միայն մի բան է անհրաժեշտ` կարգ ու կանոն»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հանդիպման ժամանակ Մեթյու Բրայզան նշել է, որ վերջին մի քանի տարիներին հնարավորություն է ունեցել ավելի լավ ճանաչել Սերժ Սարգսյանին, նրա հետ հանդիպումներում քննարկել հարցեր, որոնք երկկողմ հարաբերությունների օրակարգում են գտնվում: «Դուք հատուկ առաջնորդ եք: Սկզբունքորեն մենք Ձեզ սատարում ենք: Ես ու նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կարծում ենք, որ Դուք ունեք այն տեսլականը և մոտեցումները, որ մենք ուզում ենք տեսնել համատեղ ծրագրերի իրականացման համար: Մենք ուզում ենք, որ Դուք հաջողություն ունենաք, և հաջողություն ունենա Հայաստանը»,- ասել է Մեթյու Բրայզան: