հինգշաբթի, 6 մարտի 2008
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսքոթին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ժամանակ Ջոն Պրեսքոթը նշել է, որ որպես եվրոպական մարմին, իր ներկայացրած կառույցն արդեն գնահատական տվել է ընտրություններին. «Ես վերահաստատում եմ այդ գնահատականը: Հուսով էի, որ մեր հնչեցրած գնահատականը չեն օգտագործի իբրև այս կամ այն կողմի փաստարկների ապացույց, այլ կընկալեն որպես անկեղծ գնահատական»,-ասել է պարոն Պրեսքոթը, հավելելով, որ դիտորդական առաքելությունը նախապատրաստում է ևս մի զեկույց, որը կարտացոլի ե՛ւ վերահաշվարկման արդյունքները, ե՛ւ Սահմանադրական դատարանի որոշումը: Նա վերստին ընդգծել է, որ ընտրությունների կապակցությամբ իր գնահատականը մնում է նույնը: Ջոն Պրեսքոթը նշել է, թե պատրաստակամ է ներկայացնելու որոշակի առաջարկներ` հասարակության մեջ ընտրությունների նկատմամբ անվստահությունը հաղթահարելու և քաղաքական ուժերի միջև երկխոսությունը խթանելու համար ու նշել, որ այդպիսի աջակցությունը պատրաստ է շարունակել հետագայում ևս` չթողնելով համագործակցությունը ընտրությունից-ընտրություն:
Մայրաքաղաքում հայտարարված արտակարգ դրության վերաբերյալ, պարոն Պրեսքոթն ասել է, թե ցանկացած կառավարություն իրավունք ունի և պարտավոր է կարգ ու կանոն հաստատել երկրում: Նա Սերժ Սարգսյանի հետ քննարկել է այս իրավիճակում գործող որոշակի սահմանափակումների հետ կապված հարցեր ևս: Ջոն Պրեսքոթը ողջունել է կոալիցիայի ստեղծման, երկխոսության և համագործակցության պատրաստակամության մասին Սերժ Սարգսյանի առաջարկությունները: Կարևորելով կառուցողական մոտեցումը, ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը նաև նշել է, որ եթե Սահմանադրական դատարան դիմած կողմը չընդունի դատարանի որոշումը, ապա չափազանց դժվար կլինի երկխոսությունը:
Խոսելով հասարակության մեջ ընտրությունների հանդեպ դեռևս առկա անվստահության մթնոլորտի հաղթահարման մասին, Սերժ Սարգսյանը նշել է, որ իշխանությունները պատրաստ են այսուհետ ևս կատարելագործել ընտրական գործընթացը, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուր ընտրությունից դուրս գալ վստահությունն ավելի ու ավելի ամրապնդած: Այդ առումով նա չափազանց կարևոր է համարել նաև միջազգային դիտորդների դերը: Ըստ վարչապետի, Հայաստանի իշխանություններն անելու են հնարավորը` մայրաքաղաքում հայտարարված արտակարգ դրությունն օր առաջ վերացնելու համար` քաջ գիտակցելով, որ իրենք են ժողովրդի անվտանգության, կարգ ու կանոնի հաստատման պատասխանատուն: Սակայն, ըստ նրա, դա, բնականաբար, կարվի այն դեպքում, երբ իրավիճակը կկայունանա և որոշակի վտագներ չի պարունակի իր մեջ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, թե որոշ ժամանակ անհրաժեշտ է նաև նրա համար, որ մարդիկ կարողանան սթափ մտածել, կշռադատել տեղի ունեցածը, որ հնարավոր լինի տարանջատել քրեական տարրերին` խաղաղ ժողովրդից, պարզել կատարվածի բուն պատճառները: