ուրբաթ, 7 մարտի 2008
Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրտիբհա Դևիսինգհ Պատիլը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ընդունեք, խնդրեմ, իմ սրտանց շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության և առաջնորդության ներքո Հայաստանն առաջընթաց կապրի:
Հնդկաստանի և Հայաստանի միջև կապերը գալիս են պատմության խորքից, ջերմություն և բարեկամություն հաղորդելով մեր ներկայիս շփումներին: Մեր երկրների հարաբերությունները առևտրի, մշակույթի և կրթության ոլորտներում ընդլայնվում են: Ակնկալում եմ մեր երկու երկրների միջև բազմաբնույթ համագործակցության ամրապնդում գալիք տարիներին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն Ձեր նախաձեռնություններում, ինչպես նաև՝ խաղաղություն և բարգավաճում Հայաստանի Հանրապետության ժողովրդին:
* * *
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև Չեխիայի Հանրապետության նախագահ Վացլավ Կլաուսը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն նախագահ,
Թույլ տվեք անձամբ իմ և չեխ ժողովրդի անունից շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն և բազում հաջողություններ Ձեր աշխատանքում»: