հինգշաբթի, 11 հունվարի 2001
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը հավանություն տվեց «Պետական սահմանի մասին» և «Սահմանային զորքերի մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Երկրորդով մասնավորապես սահմանվում են ՀՀ սահմանապահ զորքերի գործունեության իրավական հիմքը, սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, անձնակազմի և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը, սահմանապահ զորքերի ֆինանսական և նյութակատեխնիկական ապահովումը:
Կառավարությունը հավանություն տվեց անշարժ գույքի շուկայի զարգացման հայեցակարգին: Փաստաթղթում տրվում են ոլորտի բարեփոխումների նպատակն ու խնդիրները, անշարժ գույքի շուկայի բարեփոխումների միջոցառումները: Դրանցում մասնավորապես նախատեսվում է շարունակել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացը՝ ստեղծելով այդ իրավունքների պետական պաշտպանության համապատասխան երաշխիքներ:
Նիստում հաստատվեց ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և դրանց ենթակայության պետական հիմնարկների գույքի (տարածքի) վարձակալության կարգը:
Ընդունված մեկ այլ որոշում վերաբերում է սահմանված ժամկետում չգրացված կամ չվերագրանցված ձեռնարկությունների և կազմակերպությունների հետ պետական մարմինների հարաբերություններին: Որոշման մեջ ասվում է, որ նշված ձեռնարկություններն ու կազմակերպությունները ենթակա են լուծարման, իսկ չվերագրանցվածների հիմնադիր փաստաթղթերը ճանաչվել են անվավեր: Այս առումով ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին, պետական կառավարման այլ մարմիններին, նրանց ենթակա պետական հիմնարկներին հանձնարարվում, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվում է գործարքներ չկնքել և գործառնություններ չկատարել «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով չգրանցված կամ չվերագրանցված ձեռնարկությունների ու կազմակերպությունների հետ: Որոշման մեջ նշված են այն միջոցառումները, որոնք ստեղծված իրավիճակում պետք է իրականացնեն համապատասխան մարմինները:
Կառավարությունն ընդունեց ՀՀ անտառային ֆոնդի արժեքավոր ծառատեսակների պահպանությունը բարելավելու մասին որոշում: Դրանով ՀՀ բնապահպանության նախարարությանը և գիտությունների ազգային ակադեմիային հանձնարարվում է շահագրգիռ այլ մարմինների հետ 5-ամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրապետության անտառային ֆոնդի արժեքավոր ծառատեսակների վիճակի և վերականգնման վերաբերյալ առաջարկություն՝ միջոցառումների 5-ամյա ծրագրով և ժամանակացույցով: ՀՀ անտառային ֆոնդի տարածքում արգելվում ց մի շարք ծառատեսակների հատումները:
Նիստում հավանություն տրվեց համահայկական (միջազգային) երիտասարդության կենտրոնի ստեղծման հիմնավորումներին: Փաստաթղթում նշվում է, որ կենտրոնը կոչված է ապահովելու ինչպես Հայաստան-Սփյուռք երիտասարդական կապերի ամրապնդումը, այնպես էլ երիտասարդության շրջանում միջազգային ծրագրերի իրականացումը: Այս նկատառումներից ելնելով, և հիմք ընդունելով «Հայաստան-Սփյուռք» համաժողովի որոշումներն ու «Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգում» ամրագրված միջազգային համագործակցության զարգացման ուղղությունները՝ կենտրոնի ստեղծումը դիտվում է որպես երիտասարդական քաղաքականությանն ուղղված կարևորագույն գործոններից մեկը: