երկուշաբթի, 10 հունիսի 2002
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավատարիմ կմնա 2000 թ. դեկտեմբերին երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված համատեղ կոմյունիկեի սկզբունքներին», -ընդգծել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Թիմուր Դավամայթիի հետ այսօր հանդիպման ժամանակ:
Վարչապետը ողջունել է պրն Դավամայթիի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր, կարևորելով և ինչ-որ տեղ խորհրդանշական համարելով, որ այցը կատարվել է ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև դիվանագիտական կապերի հաստատման 10-ամյա հոբելյանի տարում: Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, անցած 10 տարիների ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները հիմնված լինելով բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վրա, կայուն զարգացում են ապրել հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի գրեթե բոլոր բնագավառներում: Ըստ վարչապետի, չնայած աշխարհագրական հեռավորությանը, հայ և չին ժողովուրդների շփումները գալիս են պատմական անցյալից և առավել զարգանալու, ամրապնդվելու լայն հնարավորություններ ունեն: Երկու պետությունների համագործակցության համար անհրաժեշտ նախադրյալները, այդ թվում իրավա-պայմանագրային դաշտը, ստեղծված է: Երկրների ղեկավարության կողմից առանձնահատուկ կարևորություն է ստացել Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ծավալումը: Այս ամենը նկատի առնելով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է 2002 թ. օգոստոսին Երևանում անցկացվելիք հայ-չինական միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովի աշխատանքը: Նա ընդգծել է նաև երկու երկրների ձեռնարկատերերի ու գործարար շրջանակների միջև անմիջական շփումների հաստատման անհրաժեշտությունը, նշելով, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կնպաստի դրան:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է քիմիական ոլորտում համատեղ ծրագրերի իրագործումը: Զրուցակիցները շնորհավորել են միմյանց մայիսի 18-ին Շանսի նահանգի Դաթոնգ քաղաքում «Չինարմենպրեն» ՀՁ-ի շինարարության առաջին խորհրդանշական քարի տեղադրման առթիվ և նշել, որ այդ հաջող գործակցության օրինակը պետք է տարածել տնտեսական մյուս ոլորտների վրա, այդ թվում էներգետիկայի, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պրն Դավամայթիին խնդրել է փոխանցել իր ջերմ ողջույնները ՉԺՀ վարչապետ Ձու Ժուցզիին և վերահաստատել է իր չին գործընկերոջը Հայաստան հրավիրելու առաջարկը:
ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Թիմուր Դավամայթին ևս կարևորել է երկու տարի առաջ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ՉԺՀ կատարած այցի ընթացքում ստորագրված համատեղ կոմյունիկեի սկզբունքներով առաջնորդվելը և նշել, որ իր երկրի ղեկավարությունը նույնպես ամեն ինչ կանի հայ-չինական համագործակցության զարգացման առկա ներուժը լիարժեք օգտագործելու համար ի շահ երկու բարեկամ պետությունների: