ուրբաթ, 14 մարտի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 7 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցի կահավորում», Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից իրականացվող սկաուտական ճամբարի ստեղծման և գործունեության, ՀՀ «Դիվանագետների կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` «ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շվեյցարական թաղամասում մանկական խաղահրապարակի կառուցում» ծրագրերը:
Հաստատվել են նաև «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Բժշկական պարագաների ներմուծում և անհատույց բաշխում առողջապահական հաստատություններին», «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ավան համայնքի մանկապարտեզների սանհանգույցների վերանորոգում» ծրագրերը:
ՀՀ գիտությունների Ազգային ակադեմիայի «Հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է ընթերցասրահների և սանհանգույցների վերանորոգումը, իսկ «Գյումրու հայկական «Ինտերհելպ» բարեգործական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից 2008 թվականի ընթացքում իրականացվող բարեգործական ծրագրի նպատակը` բարեգործական ծրագրերի շրջանակներում ուղարկված բեռի անհատույց բաշխումը Շիրակի մարզում:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: