շաբաթ, 15 մարտի 2008
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սաուդյան Արաբիայի արքայազն, «Քինգդըմ հոլդինգ» ընկերության նախագահ Ալուալիդ բին Թալալ բին Աբդուլազիզ ալ Սաուդին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Արքայազնը նախ շնորհավորել է Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ, նշելով, որ տեղյակ է նրա կենսագրությանն ու կարիերային և մաղթում է հաջողություններ` երկրի ղեկավարի պաշտոնում: Նա դրվատանքով է խոսել հայ ժողովրդի մասին, ում ներկայացուցիչները, արքայազնի հավաստմամբ, իրենց արժանիքներով առանձնանում են և հարգանք են վայելում ոչ միայն արաբական, այլև ամբողջ աշխարհում: «Նկատի առնելով վերջին տարիների տպավորիչ տնտեսական առաջընթացը, ես կասկած չունեմ, որ Հայաստանը զարգացման ճիշտ ուղու վրա է»,- Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Սաուդյան Արաբիայի արքայազն Ալուալիդը: ՀՀ կառավարության ղեկավարի հետ նա քննարկել է տնտեսական ոլորտում և հատկապես` զբոսաշրջության զարգացումը խթանող հյուրանոցային բիզնեսում լուրջ ներդրումների իրականացման հնարավորությունները:
ՀՀ վարչապետը կարևորել է մեր երկրում հյուրանոցային ցանցի զարգացմանն ուղղված առաջարկները, ընդգծելով, որ կառավարությունը վարում է ներդրումների խթանման քաղաքականություն և ակտիվ աշխատանք է իրականացնում այդ միջավայրի բարելավման ուղղությամբ, ինչը Հայաստանի զարգացման համար կարևոր նախադրյալ է:
Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է, որ տնտեսական համագործակցությունն ու կապերի սերտացումը կարող են նպաստել նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: