Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 մարտի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 25-ի «ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշման մեջ: Դրանցով նախատեսվում է կարգավորել Երևան քաղաքում քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցմանն ուղղված ծրագրի իրականացման ժամանակ ծագած խնդիրները` մասնավորապես, կապված քանդման ենթակա բնակելի տներում անձնագրային հաշվառումներ ունեցող և փաստացի բնակվող ընտանիքների վերաբնակեցման` բնակարանային պայմանների բարելավման հետ: Նախատեսվում է նաև կարգավորել տեխնիկական կամ տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից ամրապնդման ոչ ենթակա բնակելի տներում բնակվող ընտանիքների վերաբնակեցման հետ կապված հարցերը:

Մեկ այլ որոշմամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ: Նշվել է, որ ՀՀ 2007թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված «Բնակարանային ապահովում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» (ԲԳՎ) ծրագրի շրջանակներում` բնակարանների (բնակելի տների) ձեռքբերման նպատակով բնակչությանը տրամադրված վկայագրերը գործողության մեջ են մինչև 2008թ. հունիսի 26-ը, որից 2008թ. փետրվարի 20-ի դրությամբ վճարման են ներկայացվել 693.8 մլն դրամի` թվով 114 վկայագրեր և մինչև առաջին եռամսյակի ավարտը ակնկալվում է 547 մլն դրամի վճարում` թվով 90 վկայագրերի դիմաց, իսկ մինչև 2008թ. հունիսի 26-ը (ծրագրի ավարտը) ակնկալվում է 450 մլն դրամի վճարում` թվով 75 վկայագրերի դիմաց: Նշված վճարումներն իրականացնելու նպատակով, սույն որոշմամբ, համապատասխան տեղաշարժ է կատարվել ՀՀ 2008թ. պետական բյուջեի եռամսյակային համամասնություններում:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է Հայաստանի` զոհված ազգային հերոսի ընտանիքի նպաստի վճարման կարգը: Նպաստի չափը սահմանվել է 200 հազար դրամ: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` 15-օրյա ժամկետում ապահովել ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 8-ի N 346 որոշմամբ Հայաստանի` զոհված ազգային հերոսների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակության վերաձևակերպումը որպես Հայաստանի` զոհված ազգային հերոսի ընտանիքի նպաստի: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 8-ի N 346 որոշումը: Սահմանվել է, որ որոշումը տարածվում է 2008թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Նիստում հավանություն է տրվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրենքի 84-րդ հոդվածը լրացվել է նոր կետով, ըստ որի մինչև ՀՀ սահմանադրության 108-րդ հոդվածով սահմանված` Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունների մասին համապատասխան օրենքի ընդունումը և Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը, Երևանի թաղային համայնքների ավագանիները և ղեկավարները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 120 մլն 394.0 հազար դրամ հատկացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` ՀՀ հողօգտագործողներին 7082 տոննա ազոտական պարարտանյութի` 1 տոննան 74 հազար դրամով մատակարարելու նպատակով, յուրաքանչյուր տոննայի իրացման դիմաց 17 հազար դրամ սուբսիդիա տրամադրելու համար: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին` ապահովել սուբսիդավորված ազոտական պարարտանյութի` ըստ մարզերի բաշխումը: Հանձնարարվել է նաև ՀՀ մարզպետներին` ապահովել պարարտանյութի բաշխումը համայնքներին և հսկողություն սահմանել համայնքներում բաշխման գործընթացի օրինականության նկատմամբ, ինչպես նաև համայնքներում շահառուներին հատկացվող պարարտանյութի առավելագույն քանակությունը սահմանել 500 կգ:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 1 մլն դրամ է հատկացրել նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին` 2008թ. ընթացքում «Արփա-Սևան» թունելի անխափան աշխատանքն ապահովելու համար:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 16-ի «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 1997թ. հունիսի 25-ի N 222 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 983-Ն որոշման մեջ: Որոշման ընդունման նպատակն է ՀՀ տարածքում աշխատուժի ներքին տեղաշարժերը կանոնակարգելու միջոցով նպաստել տարածքային համաչափ զարգացմանը, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում զբաղվածության և մասնագիտական կադրերի ապահովմանը, մեղմել ներքին աշխատաշուկայի առաջարկի ու պահանջարկի անհամամասնությունները: Որոշումը կնպաստի գործատուների մոտ բավարար աշխատատեղերի արագ համալրմանը և, վերջին հաշվով, գործազրկության մակարդակի նվազմանը:

Նիստում կառավարությունը որոշում է ընդունել նաև «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Ծաղկաձորը` միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջային կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին: Հանձնարարվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` ապահովել Հայաստանը ներկայացնող տեսահոլովակների հեռարձակումը Սի Էն Էն և Եվրոնյուզ հեռուստաալիքներով` վերջիններիս հետ կնքելով համապատասխան պայմանագրեր: Հանձնարարվել է նաև պայմանագրերի կատարման արդյունքում, ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների տնտեսման դեպքում, այդ միջոցներն ուղղել Հայաստանի` որպես կայուն, ապահով, ձեռնարկատիրության, ներդրումների համար բարենպաստ, ինչպես նաև գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ձևավորման և ներկայացման նպատակով միջոցառումների իրականացմանը:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի վարման կարգը: Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում հաստատել բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի գրանցամատյանի օրինակելի ձևը:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է նաև գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրով չբաշխված միջոցների բաշխումը` ըստ ծախսերի կատեգորիաների:

ՀՀ դատական օրենսգրքի պահանջներին համապատասխան, գործադիրը սահմանել է ՀՀ դատարանների կողմից թարգմանիչներ նշանակելու, նրանց վարձատրության չափը և կարգը:

«ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 3 մլն դրամ է հատկացրել ՀՀ Շիրակի մարզպետարանին` անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ Մամիկոն Մկոյանի ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ 2007թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը սահմանել է ոստիկանության ծառայողների պաշտոնների խմբերի համապատասխանությունը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերին:

Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. մարտի 1-ի «ՀՀ-ում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության իրականացման լիցենզիաների գործողության վայրերը և շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակները հաստատելու մասին» N 234-Ն և 2007թ. փետրվարի 15-ի «ՀՀ-ում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին» N 346-Ն որոշումներում: Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով, որ նույն մարզում տարբեր լիցենզառուների կողմից տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացումը կարող է նպաստել նրանց միջև արդար և անշահախնդիր տեխնիկական զննության անցկացման մրցակցության առաջացմանը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև ոռոգման ջրի մատակարարման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով, կառավարությունը որոշել է «Որոտան-Արփա-ջրառ» և «Սևան-Հրազդան-ջրառ» ՓԲԸ-ները վերակազմակերպել միացման ձևով` «Որոտան-Արփա-ջրառ» ՓԲԸ-ն միացնելով «Սևան-Հրազդան-ջրառ»ՓԲԸ-ին: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին:

Նիստում կառավարությունը հավանություն է տվել «2008թ. գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի, ինչպես նաև հրամանագրի կիրարկումն ապահովելու նպատակով` «2008թ. գարնանային զորակոչը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերին:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ