Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 21 մարտի 2008


Այսօր ՀՀ կառավարությունում քաղաքական չորս ուժեր ստորագրել են քաղաքական կոալիցիայի Համաձայնագիր: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:



                                                                     ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ


                                                                  1. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ


Հիմք ընդունելով 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, նպատակ հետապնդելով երաշխավորել Հայաստանի Հանրապետության առաջընթաց զարգացումը, հասարակության ներսում սոցիալական գործընկերության և համերաշխության մթնոլորտի ձևավորումը, 2007 թվականի մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված ներքոստորագրյալ կուսակցությունները (այսուհետ` քաղաքական կոալիցիայի կողմեր) Հայաստանի Հանրապետության Նախագահի աջակցությամբ ստեղծում են քաղաքական կոալիցիա հանուն`


-հասարակության գերակշիռ մեծամասնության վստահությունը վայելող և արդյունավետ գործող իշխանություն ձևավորելու,


-ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները կատարելագործելու,


-իրենց նախընտրական ծրագրերի համադրմամբ կառավարության գործունեության միասնական ծրագիր մշակելու և իրականացնելու,


-նախընթաց տարիների ձեռքբերումների կայուն, շարունակական զարգացման, մեր քաղաքացիների կյանքի որակի էական բարելավման, համարձակ և իրատեսական բարեփոխումների իրականացման,


-Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներն արդյունավետ դիմակայելու:


Քաղաքական կոալիցիայի կողմերը հավաստում են իրենց կամքը և վճռականությունը կոալիցիայի նպատակների իրագործման համար և ստանձնում են քաղաքական պատասխանատվություն` իշխանության գործունեության համար։



                                                             2. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ



Քաղաքական կոալիցիայի կողմերը, առաջնորդվելով փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, համերաշխության, տարաձայնությունները բանակցությունների ու քննարկումների միջոցով լուծելու սկզբունքներով, պարտավորվում են գործել սույն համաձայնագրի տառին ու ոգուն համապատասխան, իրականացնել միասնական քաղաքականություն` միմյանց և Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ համագործակցությամբ։


Քաղաքական կոալիցիայի կողմերը գործելու են որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավման, պետական մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովման, բարձրաստիճան պետական պաշտոնյաների հաշվետվության արդյունավետ մեխանիզմների կիրառման հիման վրա։



                                                            3. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Քաղաքական կոալիցիայի հիմնական ծրագրային առաջնահերթություններն են`


-սահմանադրական փոփոխություններին օրենսդրության համապատասխանեցման ավարտը, եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրության ձևավորումը,


-իշխանության թևերի միջև հակակշիռների և զսպումների լիարժեք համակարգի ձևավորման սահմանադրական երաշխիքների արմատավորումն օրենսդրությունում և քաղաքական համակարգում,


-արդյունավետ քաղաքական մրցակցություն ապահովող, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա արդյունավետ գործող լիարժեք բազմակուսակցական համակարգի զարգացումը, խորհրդարանական ընդդիմության գործունեության հնարավորության ընդլայնումը և ամրապնդումը,


-քաղաքացիական հասարակության կայացման համար նպաստավոր պայմանների ապահովումը և հասարակական միավորումների ու կառույցների գործունեությունը խրախուսող ծրագրերի իրականացումը,


-խոսքի ազատության ամրապնդումը, զանգվածային լրատվամիջոցների գործունեության անկախությունն ու անաչառությունը մեծացնելուն ուղղված, լիարժեք բազմակարծություն ապահովող միջոցառումների մշակումը և իրականացումը,


-ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության էական բարձրացում ապահովող միջոցառումների մշակումը և հետ—ողական իրագործումը, մասնավորապես, քաղաքական ուժերի դերակատարության հետևողական մեծացումը,


-պետական իշխանության համակարգում Ազգային անվտանգության խորհրդի գործունեության բարձր արդյունավետություն ապահովող մեխանիզմների ներդրումը և կիրառումը,


-պետական կառավարման համակարգի արդյունավետության մեծացումը, այդ համակարգի նկատմամբ քաղաքացիական հասարակության վերահսկողական գործառույթների ընդլայնումը, պաշտոնյաների նշանակման ժամանակ բարձր մասնագիտական կարողությունների և բարոյական որակների պահանջների կիրառումը, նրանց գործունեության հրապարակայնության և հաշվետվության ապահովումը,


-պետական ծառայության բարեփոխումների ավարտումը` ձևավորելով ազնիվ և արդյունավետ գործող կառավարման համակարգ, ապահովելով քաղաքական և տնտեսական շահերի տարանջատումը,


-տնտեսության կայուն — անվտանգ զարգացումը ստվերային տնտեսության դեմ պայքարի, բնակչության եկամուտների զգալի մեծացման և բաշխման առավել արդարացի մեխանիզմների կիրառմամբ, ազատ տնտեսական մրցակցության լիարժեք պայմանների ապահովմամբ, հակամենաշնորհային գործուն քաղաքականության իրականացմամբ,


- արտահանման կողմնորոշում ունեցող արտադրության խրախուսումը,


- փոքր և միջին ձեռներեցության զարգացման հետևողական խթանումը,


-գյուղատնտեսության զարգացման Ազգային ծրագրի մշակումն ու իրագործումը,


- աղետի գոտու վերականգնման աշխատանքների ավարտը,


-պետության կողմից նոր աշխատատեղերի ստեղծման խթանման միջոցով գործազրկության ծավալների էական կրճատումը, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձերի շարունակական բարձրացումը,


-աղքատության հաղթահարմանն ուղղված սոցիալական քաղաքականության իրականացումը` որպես աղքատության շեմ ընդունելով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը,


-Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների առանձնահատկությունների սահմանումն օրենքով և այդ մարմինների ձևավորումը,


-դատական օրենսգրքի ներդրումը` համակարգի գործունեությունը եվրոպական չափանիշներին լիարժեքորեն համապատասխանեցնելու, համակարգի անաչառության ու անկախության նկատմամբ հասարակության վստահության էական մեծացման նպատակով,


-համընդգրկուն և արդյունավետ պայքարը կոռուպցիայի դեմ` քաղաքացիական հասարակության լիարժեք ներգրավմամբ,


-օրենքի գերակայության, հասարակական կարգ ու կանոնի լիարժեք ապահովումը, անպատժելիության բացառումը, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը,


- միջազգային հանրությանն առավել արդյունավետ ինտեգրումը,


-Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ամրապնդման միջոցով համազգային ներուժի ամբողջական հաշվառման և կիրառման մեխանիզմների արդյունավետության էական մեծացումը` ի շահ Հայաստանի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի:



                                                     4. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են`


ա) ամեն ջանք գործադրել կոալիցիոն կառավարության ծրագրի արդյունավետ իրականացման համար,


բ) ապահովել կոալիցիայի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն իշխանության օղակներում քաղաքական ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող` իրենց երաշխավորած անձանց կողմից,


գ) չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն վտանգել սույն հուշագրում ամրագրված կոալիցիոն նպատակների իրագործումը:



                                                     5. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ


Հայեցակարգային և ռազմավարական նշանակության փաստաթղթերի նախագծերը ենթակա են նախնական քննարկման քաղաքական կոալիցիայի կողմերի միջև: Կողմերը պետք է ամեն ջանք գործադրեն միասնական դիրքորոշում ձևավորելու համար:


Քաղաքական կոալիցիայի կողմերից մեկի առաջարկությամբ, միասնական դիրքորոշման ձևավորման նպատակով կարող է քննարկման առարկա դառնալ Ազգային ժողովի և կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:


Քաղաքական կոալիցիայի գործունեության արդյունավետության ապահովման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման, միջկուսակցական շփումների ապահովման և միասնական դիրքորոշումների ձևավորման նպատակով կողմերը, հավասար ներկայացվածությամբ, ստեղծում են կոալիցիայի համադրող խորհուրդ: Համադրող խորհրդի գործունեությունն իրականացվում է կանոնավոր պարբերականությամբ հրավիրվող նիստերի միջոցով:



                                                                6. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ


Սույն համաձայնագիրը սկսում է գործել ստորոգրման պահից և ուժի մեջ է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետում: Համաձայնագիրը վաղաժամկետ կարող է դադարեցվել անհաղթահարելի սկզբունքային անհամաձայնության առկայության դեպքում, կողմերից մեկի հայտարարությամբ կամ կողմերի միջև կայացած համաձայնությամբ:


  


Հայաստանի                                            «Բարգավաճ                                                «Օրինաց                                                       ՀՅԴ 


Հանրապետական                                     Հայաստան»                                                 երկիր»                                                         Գերագույն


կուսակցության                                        կուսակցության                                             կուսակցության                                             մարմնի


նախագահ                                                նախագահ                                                    նախագահ                                                  ներկայացուցիչ


 Ս. ՍԱՐԳՍՅԱՆ                                         Գ. ԾԱՌՈՒԿՅԱՆ                                           Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ                                       Ա. ՌՈՒՍՏԱՄՅԱՆ



Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ