հինգշաբթի, 4 հուլիսի 2002
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը որոշեց հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհվածների ընտանիքներին բնակարանային շինարարության և բնակարանային պայմանների բարելավման համար Հայաստանի Հանրապետության 2002 թ.-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 200,000.0 հազար դրամ:
ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության 2002 թ. պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով, կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին բնապահպանության նախարարությանն էլ հատկացվեց 9 մլն 502 հազար դրամ:
Մեկ այլ որոշմամբ, ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում օգոստոսի 3-10-ը անցկացվող երգչախմբային արվեստի համաշխարհային 6-րդ սիմպոզիումին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մասնակցությունն ապահովելու նպատակով, որոշում ընդունվեց կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Երևանի քաղաքապետարանին հատկացնել 10 մլն դրամ:
Հիշյալ հարցերը ներկայացնող ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը շնորհավորեց կառավարության բոլոր անդամներին 2002 թ. առաջին կիսամյակում պլանավորված բյուջետային ցուցանիշներն ամբողջությամբ կատարելու համար և շնորհակալություն հայտնեց համագործակցված ու արդյունավետ աշխատանքի համար: Ավելի ուշ, լրագրողների հետ հանդիպմանը, նախարար Վ.Խաչատրյանը մանրամասնեց ներկայացված ցուցանիշները:
Այսօրվա նիստում կառավարությունը հաստատեց հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը, ինչպես նաև այդ գործունեության կազմակերպումն իրականացնելու համար տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը, որի նպատակն այդ բնագավառում ծառայությունների մատուցման կարգավորումն ու վերահսկողությունը:
Մեկ այլ որոշմամբ, հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման կարգավորման և վերահսկողության նպատակով, գործադիրը հաստատեց նաև հանրապետությունում հեռագրային կապի, տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման գործունեությունների լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը:
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կինոարվեստի պահպանման, տարածման և զարգացման հայեցակարգային հիմնադրույթներին: Սահմանվեց, որ դրանց հիմնադրույթների նպատակն է ապահովել անցումը կինոարտադրության, կինովարձույթի և կինոցուցադրման բյուջետային ֆինանսավորման ձևից այլընտրանքային ֆինանսավորման համակարգի, որը հնարավորություն կընձեռի պետական աջակցության ձևերը զուգակցելու կազմակերպությունների և ձեռնարկատերերի ներդրումների ու բանկային վարկավորման տարբեր ձևերի հետ կինոարտադրության, կինովարձույթի և կինոցուցադրման համար հատկացված միջոցների փոխհատուցման պարտադիր պայմանով:
Ի կատարումն պետական կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ մի շարք օրենքների և որոշումների պահանջների, գործադիրը հաստատեց մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը:
Ելնելով ԱՊՀ մասնակից և այլ պետությունների միջև գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի բնագավառում փոխշահավետ և իրավահավասար համագործակցության կարևորությունից, կառավարությունը համաձայնություն տվեց «Գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի մասին» որոշման համաձայն, գործադիրը հաստատեց պետական կառավարման ակադեմիայի որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպության, կանոնադրությունը:
Նիստում որոշվեց նաև հաստատել «Զվարթնոց» օդանավակայանի գույքի հանձնման կապակցությամբ առ 2002 թ. հուլիսի 1-ը ավարտված բանակցությունների արդյունքներով այլ անձանց տրվող փոխհատուցման չափերը: ՀՀ արդարադատության և պետական գույքի կառավարման նախարարներին հանձնարարվեց օդանավակայանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներից գնված 103 քմ անշարժ գույքը հանձնել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի օգտագործմանը ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության միջև 2001 թ. դեկտեմբերի 18-ին կնքված կոնցեսիայի պայմանագրին համապաստասան, ապահովելով անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների գրանցումը:
Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության 2000 թ. նոյեմբերի 25-ի որոշմամբ հավանություն ստացած ծրագրով Երևանի «Կասկադ» համալիրին հարող ձախակողմյան հատվածի պետական սեփականության հողերի համար հայտարարված աճուրդային վաճառքը, կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված պայմաններով մեկ միասնական լոտով հնարավոր չի եղել իրականացնել գնորդ չլինելու պատճառով, կառավարությունը որոշեց թույլատրել Երևանի քաղաքապետին «Կասկադ» համալիրի նշված հատվածի հողերի վարձակալության իրավունքի աճուրդային վաճառքն իրականացնել առանձին հողամասերի ձևով հողամասերի չափերի որոշման իրավասությունը թողնելով Երևանի քաղաքապետին և աճուրդից գոյացած միջոցներն ուղղել «Հյուսիսային պողոտա» և «Կասկադ» ծրագրերի իրականացմանը:
Առանձին որոշումներով հաստատվեցին Լոռու և Սյունիքի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: