երկուշաբթի, 31 մարտի 2008
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությունում հերթական հանդիպումն է ունեցել հանրապետության փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում` գործարարների, ձեռնարկատերերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների, միությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարներ: Սերժ Սարգսյանին ներկայացվել է նախորդ` ս.թ. մարտի 15-ին տեղի ունեցած հանդիպման արդյունքում տրված հանձնարարականի կատարման ընթացքը, մտքեր են փոխանակվել փոքր ու միջին ձեռնարկատիրության ներկայիս խնդիրների, դրանց լուծման ուղիների, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ:
Վարչապետը շեշտել է, որ կարևորելով փոքր ու միջին ձեռնարկատիրության դերը մեր երկրի տնտեսության մեջ, հետևողական է լինելու, շահագրգիռ քննարկումների արդյունքում, ոլորտի առջև ծառացած խնդիրները համատեղ ուժերով լուծելու, ՓՄՁ-ի համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու գործում` խոստանալով շարունակել հանդիպումները այնքան ժամանակ, մինչև բոլոր խնդիրների լուծման վերբերյալ համատեղ վերջնական եզրակացություն լինի:
Նախորդ հանդիպմանը վարչապետի տված հանձնարարականի կատարման կապակցությամբ, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալը զեկուցել է, որ ՓՄՁ-ի իրավական կարգավիճակին, հարկման և վարչարարական խնդիրների կարգավորման վերաբերյալ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կազմակերպվել է խորհրդակցություն` ավելի քան 20 հասարակական կազմակերպությունների և միությունների, շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, ԱԺ պատգամավորների մասնակցությամբ: Քննարկումների ընթացքում բարձրացված բազմաբնույթ և հստակեցման ենթակա խնդիրները դասակարգվել են չորս հիմնական խմբի` ա) հաշվապահական և հարկային հաշվառման խնդիրներ, բ) վարչարարական խնդիրներ, գ) փաստաթղթաշրջանառության խնդիրներ, դ) մանր արտադրողների հետ կապված խնդիրներ: Հիշյալ դասակարգումից ելենելով, առկա խնդիրներին որոշակի լուծումներ տալու նպատակով, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարություններում ու հարկային պետական ծառայությունում կազմակերպվել են հանգամանալից քննարկումներ, որոնց արդյունքում կատարված առաջարկություններն այսօր ներկայացվել են վարչապետին:
Հանդիպման ավարտին, Սերժ Սարգսյանը հանձնարարել է` քննարկված հարցերի վերաբերյալ արձանագրությունը համաձայնեցնել բոլոր մասնակիցների հետ` հստակ նշելով, թե ո՞ր խնդիրը ի՞նչ ժամկետում է լուծվելու, և եթե կմնան լուծում չստացած խնդիրներ, կրկին կնախաձեռնվի նման հանդիպում: