երեքշաբթի, 1 ապրիլի 2008
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ:
Կարևորելով Եվրախորհրդին անդամակցելուց ի վեր մոնիտորինգի Ագոյի խմբի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը և խմբի կանոնավոր բնույթ կրող այցելությունները մեր երկիր, վարչապետը պատրաստակամություն է հայտնել այս այցի ընթացքում ևս քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը:
Դեսպան Պեր Սյոգրենը, նշելով, որ իր գլխավորած պատվիրակության կազմում 9 պետությունների կառավարությունների դեսպաններ են, ընդգծել է, որ դա Հայաստանի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի, օժանդակության պատրաստակամության և այդ երկրների ու Եվրախորհրդի մեծ հետաքրքրության, Հայաստանի հետ ապագային միտված համագործակցության վկայությունն է, որի շրջանակներում պետք է դիտարկել նաև խմբի առաջարկությունները: Դեսպան Սյոգրենը դրվատանքով է խոսել ԵԽ-ին անդամակցությունից ի վեր Հայաստանի գործունեության մասին, նշելով, որ այն բնորոշվում է իբրև կառուցողական ու բարեկամական, և հատկապես օրենսդրական դաշտում արձանագրվել է զգալի առաջընթաց: Որպես օրինակ, նա ներկայացրել է բարեփոխված Ընտրական օրենսգիրքը, որը, ըստ դեսպանի, Վենետիկի հանձնաժողովի կողմից համարվել է ազատ և արդար ընտրություններ անցկացնելու բավարար հիմք:
Այնուհետ Պեր Սյոգրենն անդրադարձել է այցի օրերին խմբի ունեցած բազմաթիվ ու բազմակողմ հանդիպումների արդյունքում ստացած տպավորություններին և ձևավորված առաջարկություններին, որոնք, նրա հավաստմամբ, հիմնված են եվրոպական չափանիշների և սկզբունքների վրա: Նշելով, որ ժողովրդավարության հետ կապված հարցերը խումբը դիտարկում է նաև անվտանգության ապահովման տեսանկյունից և շատ լավ հասկանում է, որ հաճախ ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը պահանջում է նաև կոշտ մոտեցումներ, ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավարը խոսել է խմբին հուզող այն հարցերի մասին, որոնք կարող են հիմք դառնալ Եվրախորհրդի հետ Հայաստանի հետագա համագործակցության համար: Ներկայացված առաջարկություններն ու հարցադրումները, ըստ Պեր Սյոգրենի, նպատակաուղղված են Հայաստանում հետընտրական լարվածության թուլացմանը, երկխոսության խթանմանն ու հասարակության մեջ համերաշխության հաստատմանը:
«Մենք երբեք երկխոսությունից չենք հրաժարվել` ե՛ւ մինչ ընտրությունները, ե՛ւ դրանից հետո մշտապես երկխոսության մեջ ենք եղել տարբեր քաղաքական ուժերի հետ և ունեցել ենք հաջողություններ»,- ընդգծել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Արդյունքում, ըստ նրա, ձևավորվել է քաղաքական կոալիցիա` ինչպես ԱԺ, այնպես էլ նախագահական ընտրություններից հետո` չնայած ՀՀԿ-ի ստացած քվեների թիվը բավարար է եղել միայնակ իշխանություն ձևավորելու համար: Վարչապետը նշել է, որ իշխանությունները շարունակելու են բարեփոխումները` դրանում ներգրավելով հասարակության լայն շերտերին: Հայաստանը, վարչապետի հավաստմամբ, հավատարիմ է մնալու նաև Եվրաինտեգրման ուղով առաջ ընթանալու իր քաղաքականությանը:
Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը պատասխանել է Ագոյի խմբի պատվիրակությանը հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկվելիք հակակոռուպցիոն միջոցառումներին, տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարին, ինչպես նաև քաղաքական կոալիցիայի ձևավորման մանրամասներին:
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օժանդակում են Հայաստանին` նախանշված ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում:
ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի անդամ դեսպանները շնորհավորել են Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և երկրի ղեկավարի դժվարին ու պատասխանատու աշխատանքում մաղթել հաջողություններ: