չորեքշաբթի, 2 ապրիլի 2008
Այսօր տեղի է ունեցել Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, վարել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:
Հանձնաժողովը քննարկել է Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի նախագիծը, որն ընդգրկում է գիտական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում նախատեսված շուրջ մեկուկես տասնյակ միջոցառում: Մասնավորապես, նախատեսվում է 2008թ. ամռանն ու աշնանն անցկացնել հոբելյանին նվիրված գիտաժողով, կազմակերպել հոգևոր երաժշտության փառատոն, լուսանկարչական, արխիվային նյութերի ցուցադրություններ, հրատարակել Վազգեն Ա-ի երկերի լիակատար ժողովածուն, հանրակրթական դպրոցներում` «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շրջանակներում, անցկացնել Վեհափառ Հայրապետի կյանքին ու գործունեությանը նվիրված բաց դասեր:
Միջոցառումների ծրագրով նախատեսվում է նաև Երևանում և Էջմիածնում կենտրոնական փողոցներից մեկն անվանակոչել Վազգեն Ա. Վեհափառի անունով, ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետում սահմանել Վազգեն Ա. Վեհափառի անվամբ կրթաթոշակ: Տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումներ կանցկացվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմերում և ՀՀ մարզերում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կմատուցվի պատարագ, կթողարկվի հոբելյանին նվիրված հուշադրամ:
Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն տեղի կունենա 2008թ. հոկտեմբերին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Քննարկված ծրագրի նախագիծը կներկայացվի հոբելյանական հանձնաժողովի նախագահի հաստատմանը: