չորեքշաբթի, 10 հուլիսի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն տկն Հիլդեգարդ Գաշեկին, որն ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տկն Գաշեկին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և հույս հայտնել, որ այդ պաշտոնում նրան փոխարինողը նույնպիսի հաջողությամբ կշարունակի գործակցությունը Հայաստանի հետ: Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել Եվրոբանկի գործունեությունը մեր երկրում և առաջիկայի համար կարևորել տնտեսության մասնավոր հատվածի հետ աշխատանքի ակտիվացումը, բազմաբնույթ ծրագրերի իրագործումը, այդ թվում փոքր ու միջին ձեռնարկատիրության, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում:
ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենն իր հերթին շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և կառավարությանը իր պաշտոնավարման ընթացքում ըստ ամենայնի աջակցելու, լավագույնս համագործակցելու համար, վստահեցրել է, որ բանկը նպատակադրված է շարունակել աջակցությունը ՀՀ կառավարության ջանքերին, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանը: Նա ընդգծել է հատկապես էներգետիկայի, ֆինանսա-բանկային, փոքր ու միջին ձեռնարկատիրության և մի շարք այլ ոլորտներում ՎԶԵԲ-ի առաջնահերթ խնդիրներն ու ներդրումային ծրագրերի նպատակները: Տիկին Գաշեկը նշել է, որ աշնանը հրավիրվելիք ներդրողների համաժողովին Եվրոբանկը դարձյալ կաջակցի Հայաստանին ներդրումների ներգրավման գործում:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հետագա աշխատանքում հաջողություն է մաղթել տիկին Հիլդեգարդ Գաշեկին: