ուրբաթ, 12 հունվարի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական աշխատանքն ավարտած Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անտտի Կոյստինենին: Պարոն Կոյստինենը Հայաստանի Հանրապետութունում հավատարմագրվել է 1992 թ. օգոստոսի 7-ին:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով դեսպանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, նշեց, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունները տասնամյակների պատմություն ունեն: Դրանք ավելի նպատակային և արդյունավետ դարձան հատկապես 1995 թ. հետո, երբ Ֆինլանդիան դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր: Վարչապետը հավաստեց, որ այսօր ևս մեծ հնարավորություններ կան երկկողմ հարաբերությունները գործնական առումով ավելի սերտացնելու համար:
Պարոն Կոյստինենը իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և Հայաստանում իր աշխատանքի ընթացքում ցուցաբերված գործնական աջակցության համար, նշեց, որ թեև Հայաստանը և Ֆինլանդիան փոքր երկրներ են, աշխարհագրական տեսակետից իրարից հեռու, բայց ունեն համագործակցության, երկկողմ հարաբերությունները սարտացնելու զարգացման լավ հնարավորություններ, հատկապես զբոսաշրջության և առևտրի բնագավառներում:
Պարոն Կոյստինենի խնդրանքով ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց Հայաստանի զարգացման հիմնախնդիրներին, կառավարության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին վերաբերող նրան հետաքրքրող հարցերին: