ուրբաթ, 12 հուլիսի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՄԱԿ-ի Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Կալման Միժեյին, որը միաժամանակ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչի օգնականն է: Վարչապետը բարձր է գնահատել մեր երկրում ՄԱԿ-ի գործունեությունը, որոնք ներառել են կարևորագույն մի քանի ուղղություններ՝ տնտեսական բարեփոխումներ, չքավորության դեմ պայքար, հետճգնաժամային վերականգնում և պայքար աղետների դեմ, բնապահպանություն, կրթություն, համայնքային զարգացում և այլն: Անդրանիկ Մարգարյանը կազմակերպության դերը կարևորել է նաև նվիրատուների աշխատանքի համակարգման, տարածաշրջանային համագործակցության ծրագրերի մշակման ու դրանց իրագործմանն աջակցելու բնագավառներում: Վարչապետը շեշտել է անցումային շրջանում գտնվող երկրների առանձնահատկությունները, այդ երկրների իրական պահանջները հաշվի առնելու կարևորությունը, որի հետ միանգամայն համաձայնել է պրն Միժեյը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրին՝ կարևորելով համընդհանուր ջանքերով այդ փաստաթղթի մշակումը և իրագործումը:
ՄԱԿ-ի Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Կալման Միժեյը շնորհավորել է անկախացումից ի վեր բազում դժվարություններ ունեցած Հայաստանում տնտեսական աճի արձանագրման առիթով, որը սոցիալական ու տնտեսական խնդիրների լուծման համար կարևոր նախապայման է: Պրն Միժեյը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործադիր կոմիտեում, որը այդ զարգացման հարցերում կազմակերպության կողմից խորհրդատվություն ու աջակցություն տրամադրող հիմնական մարմինն է, Հայաստանը կունենա իր ուրույն տեղն ու դերը:
Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի, որոշումների իրագործման ընթացքը մշտապես կգտնվի կառավարության ուշադրության կենտրոնում, ինչպես եղել է մինչ այժմ, և կշարունակվի սերտ համագործակցությունը այդ կազմակերպության երևանյան գրասենյակի հետ: