հինգշաբթի, 10 ապրիլի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մինչ նիստն սկսելը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին ներկայացրել է նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ավելի քան մեկ տարվա համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարությանը: ՀՀ նախագահը, մասնավորապես, ասել է.
«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել կառավարության կազմում համատեղ աշխատանքի համար: Մոտավորապես այսպիսի կազմով մենք աշխատում ենք մեկ տարուց մի քիչ ավելի և, կարծում եմ, մեր տնտեսության համար 2007 թվականը հաջողված տարիներից մեկն էր: Մենք ձեզ հետ միասին կարողացանք ավելացնել նաև պետական բյուջեի մուտքերը, ինչը հնարավորություն տվեց լուծելու որոշակի սոցիալական խնդիրներ: Բայց, կարծում եմ, որ ե՛ւ 2007-ը, ե՛ւ դրան նախորդող տարիները որոշակիորեն նախապատրաստող ժամանակաշրջան էին, և մենք հիմա պետք է ավելի հավակնոտ ծրագրեր ունենանք, պիտի համարենք, որ մեր բարեփոխումների առաջին փուլը ավարտել ենք և անցնում ենք երկրորդ փուլին: Այս առումով, ուզում եմ արդեն պաշտոնապես ձեզ ներկայացնել Տիգրան Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության նոր վարչապետին, և հույս հայտնել, որ նրա ղեկավարությամբ կառավարությունը մոտակա տարիներին, իրոք, կիրագործի հավակնոտ ծրագրեր: Ես դրանում ուղղակի համոզված եմ: Անհրաժեշտ է, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրն իր հնարավորություններն առավել չափով ներդնի ընդհանուր գործին, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը կարողանա դառնալ թիմի կարևորագույն անդամներից մեկը: Ես սրանում վստահ եմ»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Ցանկացած պետական գործչի համար պետք է երջանկություն լինի այն, որ նա հնարավորություն է ստանում ծառայել իր ժողովրդին և, միևնույն ժամանակ, ես քաջ գիտակցում եմ, որ սա մեծ պատասխանատվություն է: Մենք համատեղ տասը տարի աշխատել ենք, և ես մշտապես զգացել եմ նախագահի և կառավարության աջակցությունը Կենտրոնական բանկի գործունեության ընթացքում և, համոզված եմ, որ այդ մթնոլորտը պահպանվելու է: Ես կոշտ և խստապահանջ ղեկավար եմ եղել Կենտրոնական բանկում և դա շարունակվելու է, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ ես թիմային աշխատանքի կողմնակից եմ և համոզված եմ, որ մենք կկարողանանք կառավարությունում թիմային աշխատանքի այդ մթնոլորտը շարունակել, որովհետև ինչպես նշեց նախագահը, մենք, իսկապես, հավակնոտ ծրագրեր ունենք: Ես բավականին խորը գիտակցում եմ, թե ինչ ծրագրեր են, որոնք արժանացել են Ազգային ժողովի հավանությանը, և նաև Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, որոնք արժանացել են մեր ժողովրդի հավանությանը: Կարծում եմ, որ միայն համատեղ ջանքերով մենք կարող ենք այդ հավակնոտ ծրագրերն իրականացնել: Ես համոզված եմ, որ մենք, դա կարող ենք անել: Աստված մեզ հետ: Շնորհակալություն»:
ՀՀ նախագահը ևս համոզվածություն է հայտնել, որ նախանշված ծրագրերը սահմանված ժամկետներում իրականացվելու են. «Անպայման անելու ենք, անպայման հավաքելիությունը բարձրացնելու ենք տնտեսական դաշտը հստակեցնելու ենք, մրցունակ ենք լինելու, խիստ պայքարելու ենք կաշառակերության դեմ: Երբ որ ձևավորենք նոր կառավարություն, արդեն կառավարության անդամների հետ առանձին, ապա նաև միասին որոշակի խնդիրների շուրջ կպայմանավորվենք», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Կառավարության այսօրվա նիստում քննարկման ներկայացված հարցերից գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հաղորդումը 2007թ. ընթացքում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին: Զեկուցվել է, որ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված ծրագրերի շրջանակներում 2007թ. ընթացքում հանրապետությունում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 126 կազմակերպություն: Դրանցից 49-ը իրականացրել է երկարաժամկետ ծրագրեր` կապված ինչպես աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, այնպես էլ բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման հետ, իսկ 77-ը` կարճաժամկետ ծրագրեր` կապված միայն բարեգործական բեռների ներմուծման և բաշխման հետ: 40 երկրներից հանրապետություն են ներմուծվել շուրջ 24.48 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռներ: Նշվել է նաև, որ ինչպես նախորդ տարիներին` բազմաբնույթ և մեծածավալ ծրագրեր են իրականացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Սփյուռքի ճանաչված հայկական կազմակերպությունները (Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղը, Հայ ավետարանչական ընկերակցությունը և այլն):
Գործադիրը հավանություն է տվել «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրինագծի ընդունումը պայմանավորված է հիշյալ օրենքը ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Նիստում փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2001թ. մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» N 236 որոշման մեջ, որը պայմանավորված է մաքսային մարմիններում ներդրված TWM ավտոմատ համակարգի ներդրման արդյունքում Համաշխարհային բանկի կողմից առաջադրված մաքսային հսկողության կատարելագործման և մաքսային ընթացակարգերի պարզեցման նպատակով:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 150 մլն դրամ է հատկացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի բարձրակարգ սպասարկման կազմակերպման և նախագահական տրիբունաների վերանորոգման ու վերակառուցման նպատակով ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիային պետական աջակցություն տրամադրելու համար:
ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 200 մլն դրամ է հատկացրել նաև ՀՀ կառավարության աշխատակազմին` «Ջավախք» հայրենակցական միության բարեգործական հասարակական կազմակերպությանը Ջավախքի դպրոցների վերանորոգման նպատակով հատկացնելու համար: Հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմին` որոշմամբ հատկացված գումարը «Ջավախք» հայրենակցական միության բարեգործական ՀԿ-ին սահմանված կարգով տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է` առանձնացման ձևով ստեղծելով «Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ: Սահմանվել է, որ նորաստեղծ ՊՈԱԿ-ին չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, իսկ նշված գույքը պետական կազմակերպությանը կարող է տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով: «Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունները վերապահվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարին: Որոշմամբ լրացում է կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 20-ի N 1009-Ն որոշման մեջ:
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է պատվարների և ամբարտակների վրայով անցնող ճանապարհահատվածներից օգտվելու կարգը:
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հաստատել է նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի օրինակելի կանոնադրությունը:
Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2001թ. նոյեմբերի 21-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի գործունեության լիցենզավորման կարգը և դրա իրականացման համար ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1148 որոշման մեջ` այն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով: Մասնավորապես, սահմանվում է, որ այսուհետ բարդ լիցենզիա տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Որոշմամբ փոփոխություն է կատարվել նաև քաղաքաշինության բնագավառի գործունեության իրականացման համար ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևի մեջ: Սահմանվել է նաև, որ նախկինում տրված լիցենզիաները գործում են մինչև լիցենզիաներում նշված գործողության ժամկետի լրանալը:
Մեկ այլ որոշմամբ լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 1997թ. օգոստոսի 18-ի «Վարժական հավաքների և զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին» N 341 որոշման մեջ: Կատարված լրացումների համաձայն, համապատասխան մարմինները փոխհատուցում ստացող անձանց ցուցակները ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնելուն զուգահեռ, տեղական գանձապետական բաժիններին կներկայացնեն իրենց կողմից սպասարկվող համայնքների բնակիչ հանդիսացող փոխհատուցում ստացող անձանց որոշակի տվյալներ պարունակող ցուցակների քաղվածքները: Որոշման ընդունումը բխում է փոխհատուցման գումարները զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին ժամանակին վճարելու և այդ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունից:
Կառավարությունը որոշել է 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 428 հազար 215 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` 2008թ. ապրիլի 27-ին կայանալիք Կոտայքի մարզի Հատիս գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:
Այլ որոշումներով գործադիրը հաստատել է ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկու, Արագածոտնի մարզի Նորաշենի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:
Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշինի, Վայոց Ձորի մարզի Աղավնաձորի գյուղական համայնքների որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ: