ուրբաթ, 11 ապրիլի 2008
ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Տիգրան Սուրենի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ռուսական կողմը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ դաշնակցային գործընկերության փոխշահավետ հարաբերությունների խորացմանը: Ընդլայնվում են բազմակողմանի կապերը` համագործակցության տարբեր ոլորտներում: Տարեցտարի աճում են ապրանքաշրջանառությունն ու ռուսական ներդրումները, որոնք կարևոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերի զարգացման գործում: Մեզ անկեղծորեն ուրախացնում են մեր երկկողմ փոխգործակցության մեջ վերջին շրջանում տեղի ունեցող որակական փոփոխությունները: Տնտեսական և հումանիտար համագործակցության կատարելագործմանն ուղղված համատեղ ջանքերի շնորհիվ, այն ավելի ու ավելի ներդաշնակ է դառնում:
Ռուսաստանում Ձեզ ճանաչում են` որպես Հայաստանի ակնառու պետական գործչի, բարձրակարգ մասնագետի և բոլոր ուղղություններով ռուս-հայկական շփումների ակտիվացման կողմնակցի: Մաղթում եմ Ձեզ` Տիգրան Սուրենի, հաջողություններ` հանրապետության սոցիալ-տնտեսական հետագա առաջընթացի ապահովմանն ու մեր երկու երկրների ավանդաբար բարեկամական հարաբերությունների համակողմանի ամրապնդմանն ուղղված Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:
***
ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Տիգրան Սուրենի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները` Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետությունը` լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակտիվ անդամ, կարևոր դեր է խաղում Կազմակերպության պատասխանատվության գոտում հավաքական անվտանգության համակարգի քաղաքական և ռազմական ներուժի համատեղ ձևավորման մեջ:
Հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Դուք Ձեր ներդրումը կունենաք Կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման և նրա հեղինակության ամրապնդման գործում:
Թույլ տվեք, հարգելի Տիգրան Սուրենի, մաղթել Ձեզ քաջառողջություն, բարօրություն և մեծ հաջողություններ պետական բարձր պաշտոնում Ձեր գործունեության մեջ»:
***
ՀՀ վարչապետ նշանակվելու առիթով, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո Տիգրան Սուրենի,
ԼՂՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Պետական կառավարման համակարգում և հատկապես ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Ձեր արգասավոր աշխատանքը վստահություն է ներշնչում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր արդյունավետ գործունեության նկատմամբ:
Լիահույս ենք, որ ի շարունակումն կայուն ավանդույթների, Դուք ևս ջանքեր չեք խնայի ՀՀ-ԼՂՀ միջպետական կապերի հետագա կատարելագործման ու խորացման ուղղությամբ:
Ընդունեք մեր լավագույն բարեմաղթանքները` քաջառողջություն Ձեզ, ամենայն հաջողություն այդ պատասխանատու ասպարեզում»: