հինգշաբթի, 17 ապրիլի 2008
Ներկայացնելով նորանշանակ նախարար Արմեն Գրիգորյանին և շնորհավորելով ու հաջողություններ բարեմաղթելով նրան, կառավարության ղեկավարը նշել է.
«Մենք բոլորս գիտակցում ենք, որ սա պարտականություն է, բայց մյուս կողմից էլ բացառիկ հնարավորություն` ծառայելու սեփական ժողովրդին։ Եվ ձեր՝ սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտը, երևի, թե առանցքային է։ Եթե այդ ոլորտում մենք ունենանք հաջողություններ, ապա հասարակական տրամադրությունները էապես կփոխվեն։ Համոզված եմ, որ Արմեն Գրիգորյանը և դուք ի վիճակի եք ձեր առջև դրված խնդիրները լուծել։ Ես շատ ուրախ եմ, որ այս նշանակումը ջերմորեն է ընդունվել նախարարությունում և խանդավառություն է առաջացրել։ Դա հենց առաջին գնահատականն է նորանշանակ նախարարի գործունեության։ Եվ դա նաև ոգևորում է մեզ, որ մենք կկարողանանք համատեղ ջանքերով լուծել այն հիմնախնդիրները, որոնք առկա են ձեր ոլորտում։
Ցանկանում եմ առաջին հերթին անդրադառնալ այն նպատակներին, որոնք ամրագրված են ե՛ւ ՀՀ կառավարության գործունեության ծրագրում, ե՛ւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում։ Դրանք չափազանց հավակնոտ նպատակներ են։ Այդ փաստաթղթերից ներկայացնում եմ այն դրույթները, որոնք մենք, ձեզ հետ միասին, պետք է ի կատար ածենք։ Մասնավորապես` տալ բնակարան և ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն։ Եվ մենք այս նպատակին պետք է հասնենք հինգ տարվա ընթացքում։ Սա նշանակում է, որ ամեն տարի մենք պետք է այս խնդրի լուծման ուղղությամբ հաջողություններ արձանագրենք։ Այսինքն՝ տեսնենք, թե քանի նորաստեղծ ընտանիք ի վիճակի է լուծելու իր բնակարանի խնդիրը, մեքենա ձեռք բերելու խնդիրը։ Եվ պետք է համագործակցենք այլ գերատեսչությունների հետ` լինելով նրանց նկատմամբ բավականին խստապահանջ։
Կարևորագույն խնդիրներից մեկը, որ առնչվում է երիտասարդության հետ, կրթությունն է։ Հասկանալի է, որ մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի նաև կրթական համակարգում այնպիսի միջավայրի ձևավորումը, որ երիտասարդները կարողանան ստանալ ոչ միայն կրթություն, այլև հնարավորություն ունենան մշտապես վերապատրաստվելու։ Եվ այստեղ էլ, կարծում եմ, դուք պետք է լինեք խստապահանջ։
Մյուս կարևորագույն դրույթն այն է, որ առողջ կենսակերպ հնարավոր չէ առանց սպորտի։ Ցավոք, դեռևս երիտասարդների ներգրավվածությունը դրանում այնքան էլ բարձր մակարդակի վրա չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում, եթե համեմատենք զարգացած երկրների հետ։ Մենք մի կողմից ստեղծում ենք հնարավորություններ, որ մեր երիտասարդները զբաղվեն սպորտով, մյուս կողմից պետք է հանրության մեջ այնպիսի տրամադրություններ ստեղծենք, որ երիտասարդը չպատկերացնի իր կյանքն առանց սպորտի։ Ցավոք, բոլորը, կամ մեծամասնությունը չեն հետևում իրենց առողջությանը, չեն զբաղվում սպորտով, և մենք, ձեզ հետ միասին, հինգ տարվա ընթացքում պետք է կարողանանք բեկում մտցնել այս ոլորտում՝ առողջ կենսակերպն առողջ հասարակության հիմքը պետք է լինի։ Եվ դա ձեր նախարարության հիմնախնդիրներից մեկը պետք է լինի։ Համոզված եմ, որ կկարողանանք համատեղ ջանքերով այս նպատակները դարձնել իրական»։
Նորանշանակ նախարարները շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին` նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վստահեցնելով, որ կներդնեն իրենց բոլոր ուժերն ու կարողությունները` ակնկալվող արդյունքներին հասնելու և ՀՀ կառավարության գործունեության ծրագրում նախանշված հիմնախնդիրները լուծելու համար: