երեքշաբթի, 23 հուլիսի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՀԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Օուեյս Սաադաթին, որն ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Պրն Սաադաթը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ սերտ և արդյունավետ համագործակցության, ցուցաբերած մեծ աջակցության ու ջերմ վերաբերմունքի համար: ՀԲ-ի ներկայացուցիչը ընդգծել է նաև վարչապետի բաց և հրապարակային աշխատաոճը, դիմացինին լսելու, խնդիրներին արագ արձագանքելու կարողությունը, որն ըստ նրա, բավականին դյուրին է դարձրել իր և իր ղեկավարած գրասենյակի աշխատանքը Հայաստանում: Պրն Սաադաթը նշել է, որ դժվարությամբ է հեռանում մեր երկրից, որն անչափ սիրելի ու հոգեհարազատ է դարձել իրեն, սակայն նոր աշխատավայրում՝ Ալմաթիում, շարունակելու է Հայաստանի հետ կապը պահպանել. «Ես այնտեղ Հայաստանի չվճարվող դեսպանն եմ լինելու», - կատակով հավելել է Օուեյս Սաադաթը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ևս շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության և փոխըմբռնման համար, նշելով, որ անչափ կարևոր է, երբ օտար երկրում աշխատող միջազգային կազմակերպության ներկայացուցիչը՝ այդ երկրի ու նրա ժողովրդի խնդիրներին սրտացավորեն է վերաբերում: Այդ դեպքում, ըստ վարչապետի, դրանց լուծմանն ուղղված ցանկացած ծրագիր ավելի մեծ արդյունավետությամբ է իրագործվում:
Վարչապետը հաջողություն է մաղթել Օուեյս Սաադաթին իր նոր աշխատանքում և հույս հայտնել, որ նրան փոխարինողը նույնպիսի ջանասիրությամբ ու նվիրումով կշարունակի մեր երկրում իրականացնել ՀԲ-ի ծրագրերը: