ուրբաթ, 26 հուլիսի 2002
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը:
Հանձնաժողովը քննարկեց 2002-2003 թվականների ընթացքում իրականացվող երկարաժամկետ բարեգործական մի շարք ծրագրեր:
Քննարկվեց և հաստատվեց Արմենակ Արմենակյանի անվան «Նորք-Մարաշ» հասարակական բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Հոգու կանչ - 2» ծրագիրը, որը սոցիալական ուղղվածություն ունի և նախատեսում է 95 միայնակ թոշակառուներին, զոհված ազատամարտիկների անապահով ընտանիքների 105 անդամներին, Երևանի N 124 միջնակարգ դպրոցի 1-3 դասարանի աշակերտներին օրը մեկ անգամ անվճար սննդի ապահովում:
Հաստատվեց Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող «Համահայկական ցանց» հասարակական կազմակերծության ծրագիրը, որի նպատակն է խոչընդոտել գիտական մտքի արտահոսքը Հայաստանից:
Հաստատվեց նաև Ֆրանսիայի «Հայ - գյուղ» բարեգործական վարչության կողմից իրականացվող Միսաք Մանուշյանի անվան N 48 միջնակարգ ֆրանսիական թեքումով դպրոցի կաթսայատան կառուցման և ջեռուցման համակարգի վերակառուցման ծրագիրը:
Նիստում քննարկվեց և հաստատվեց նաև Հայաստանի Մխիթարյան կենտրոնի ծրագիրը, որի նպատակն է Տավուշի մարզի Չորաթան գյուղում ստեղծել արտադպրոցական մշակութային կենտրոն:
Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող Է. Գրիգորյանի անվան ֆուտբոլի հանրապետական մասնագիտացված մարզադպրոցի վերակառուցման և կահավորման ծրագիրը:
Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման և այլ հարցեր: