երկուշաբթի, 21 ապրիլի 2008
Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին իր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Վեն Ցզյաբաոն: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունն իր բոլոր ջանքերը կենտրոնացնում է ազգային տնտեսության զարգացման, ժողովրդի կյանքի բարելավման, սոցիալական կայունության ապահովման վրա, և հասել է նշանակալի հաջողությունների: Վստահ եմ, որ հայ ժողվուրդն անպայման ձեռք կբերի ավելի մեծ հաջողություններ` իր երկրի կառուցման գործում:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած 16 տարիներին հայ-չինական համագործակցության բարեկամական հարաբերությունները կայուն զարգացում են ապրում. ամրապնդվում է քաղաքական փոխըմբռնումը, աստիճանաբար խորանում է առևտրատնտեսական համագործակցությունը, հաջողությամբ է զարգանում երկկողմ գործակցությունը հումանիտար ոլորտում: Կողմերը սերտ կապեր ու շփումներ են պահպանում բազմաթիվ բնագավառներում: Հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարները շատ լայն են, և ես պատրաստ եմ, Ձեզ հետ միասին, այսուհետ ևս խորացնել մեր ժողովուրդների բարեկամությունը, ջանքեր ներդնել տարբեր ոլորտներում գործարար համագործակցության խթանման համար:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և մեծ հաջողություններ բարձր պաշտոնում»:
* * *
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով, Տիգրան Սարգսյանին շնորհավորել է Բելառուսի Հանրապետության ազգային բանկի վարչության նախագահ Պյոտր Պրոկոպովիչը: Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Տիգրան Սուրենի,
Ընդունեք իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Դուք զգալի ներդրում եք ունեցել բանկային համակարգի և ընդհանրապես երկրի տնտեսության հետագա զարգացման գործում:
Թույլ տվեք մաղթել Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ բարձր պետական պաշտոնում` ի բարօրություն հայ ժողովրդի:
Մշտապես ուրախ ենք տեսնել Ձեզ` հարգելի Տիգրան Սուրենի, բելոռուսական հողում և ակնկալում ենք հետագա բեղմնավոր համագործակցություն»:
* * *
Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.
«Հայկական բարեգործական ընդհանուր միության կեդրոնական վարչական ժողովին անունով և անձնապես կշնորհավորենք Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով:
Ծանոթ ըլլալով հանրապետության տնտեսական և դրամատնային զարգացման ու կայունացման ուղղությամբ Ձեր կատարած կարևոր դերին ու փորձառության, համոզված ենք, որ Ձեր ներկա պաշտոնին մեջ լավագույնս պիտի կարենաք պահպանել և նոր նախաձեռնություններով հարստացնել մեր հայրենիքի բարգավաճման դժվար, բայց հուսալի ընթացքը:
ՀԲԸ Միությունը պիտի շարունակե իր բազմաբնույթ գործունեությունը և ներդրումները Հայաստանի մեջ, նպատակ ունենալով մասնավորաբար զորացնել սփյուռքահայ նոր սերունդի կապը մայր հայրենիքին հետ:
Ձեզի կփոխանցենք անկեղծ գործակցության մեր տրամադրությունը և կմաղթենք ուժ, եռանդ և արևշատություն` ամուր պահելու մեր երկրի նվաճումները և իրականացնելու նոր ծրագիրներ»: