երկուշաբթի, 21 ապրիլի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ բնապահպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններ և դրանց աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ նախարարներ Արամ Հարությունյանին, Աղվան Վարդանյանին, Հարություն Քուշկյանին և Արմեն Մովսիսյանին:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին ներկայացնելով ՀՀ նախագահի հրամանագրով վերստին նախարար նշանակված Արամ Հարությունյանին և շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ, ՀՀ կառավարության ղեկավարը նշել է.
«Բնապահպանության բնագավառն առանձնահատուկ բնագավառ է, մանավանդ այն երկրների համար, որոնք աղքատության հաղթահարման փուլում են գտնվում: Մշտապես խնդիր կա, որ, միգուցե, պահը չէ մեծ ուշադրություն դարձնելու բնապահպանության վրա, որ միգուցե, ավելի ճիշտ է առաջնային համարել տնտեսական աճը, արդյունաբերության զարգացումը: Կարծում եմ, այստեղ հավաքված մարդիկ համաձայն չեն այդ տեսակետին, և այստեղ մենք լուրջ անելիքներ ունենք:
Կառավարության ծրագրում մանրակրկիտ նկարագրված են գերակայությունները, որոնք դրված են ձեր նախարարության առջև: Ես կուզենայի անդրադառնալ կարևորագույն կետերից մեկին. դա բնապահպանական կրթության խնդիրն է: Ամենից կարևորն այն է, որ մեր քաղաքացիները լինեն բնապահպանական մշակույթի կրողներ:Հակառակ դեպքում, ոչ մի ասպարեզում բնապահպանությունը հաջողություն չի ունենա, եթե մենք ուշադրություն չդարձնենք հենց համապատասխան կրթական համակարգի վրա: Այս առումով ձեր ծրագրերից կարևորագույնը, թերևս, համալիր կրթական համակարգի ձևավորումն է` պատրաստման, վերապատրաստման, արդիականացման, միասնական ցանցի ձևավորումը, որպեսզի դպրոցից, բարձրագույն ուսումնական հաստատություններից, շարունակաբար բնապահպանական մշակույթը ներդրվի Հայաստանի Հանրապետությունում: Ես սա համարում եմ ռազմավարական խնդիր, և եթե այս խնդիրն իրականացնելիս մենք ունենանք հաջողություն, մնացած բոլոր գերակայությունները շատ ավելի հեշտ կլուծվեն: Կարծում եմ, նախարարությունում արդեն բավականին մեծ ներուժ է կուտակված, առաջին հերթին` ինտելեկտուալ ներուժ: Եվ վստահ եմ, որ ՀՀ կառավարության ծրագրի այս կարևորագույն մասը մենք, ձեզ հետ միասին, ի վիճակի կլինենք լուծել: Մենք պետք է ՀՀ-ում ներդնենք բնապահպանության ոլորտի լավագույն միջազգային չափորոշիչներ և հետևենք, որ դրանք անշեղորեն պահպանվեն: Շատ ավելի հեշտ է կանխարգելել բնական աղետները, քան հետագայում պայքարել դրանց հետևանքների հաղթահարման համար: Ես կարծում եմ, եթե մենք ի սկզբանե ճիշտ չափորոշիչներ ներդնենք և վերահսկենք բոլոր ոլորտներում, որ դրանք պահպանվեն, ապա բացասական հետևանքների դեմ ծախսվող գումարներն ավելի նվազ կլինեն: Թվացյալ է, որ ՀՀ-ում բնապահպանական խնդիրները պետք է մղվեն երկրորդ պլան. ես համաձայն չեմ այդ մոտեցման հետ, որովհետև դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ մեր բնության համար, ժողովրդի առողջության համար և հետագայում վերականգնել այդ բացասական հետևանքները, միգուցե, նույնիսկ չկարողանանք: Դրա համար ի սզբանե պետք է աչալուրջ լինենք: Հաջողություն եմ ցանկանում ձեզ այս ասպարեզում և համոզված եմ, որ պարոն Հարությունյանի ղեկավարությամբ այս բոլոր խնդիրները լուծելի են»: