երկուշաբթի, 21 ապրիլի 2008
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Աղվան Վարդանյանին և շնորահվորելով նրան նշանակման առթիվ, ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ նախորդ հինգ տարիների ընթացքում նախարարի պաշտոնում ձեռք բերած կառավարման փորձն ու մասնագիտական ունակությունները հնարավորություն կտան պարոն Վարդանյանին, աշխատակազմի հետ միասին, այսուհետ ևս հաջողությամբ լուծել նախարարության առջև կանգնած խնդիրները.
«Ես ուզում եմ անդրադառնալ այն գերակա խնդիրներից մեկին, որը կառավարության գործունեության ծրագրում է մատնանշված, դա առաջին հերթին, անապահով խավերի պաշտպանվածության խնդիրն է: Մեր ծրագրում ամրագրված է, որ այդ քաղաքականությունն առավել թիրախավորված պետք է լինի: Մենք, ձեզ հետ միասին, պետք է կարողանանք ճշգրիտ բացահայտել անապահով խավերին, որպեսզի օգնությունը լինի նպատակային, միջոցները չփոշիացվեն և հասնեն հենց այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեն: Կարևորագույն խնդիրներից մեկը, որ պետք է իրականացնենք մոտակա 5 տարիների ընթացքում, կենսաթոշակային բարեփոխումներն են և կենսաթոշակային նոր հայեցակարգի ներդրումը: Ես ընդամենն ուզում եմ ընթերցել մի պարբերություն ՀՀ վարչապետի ծրագրային ելույթից, որը վերաբերում է հենց այս խնդրին. «Կառավարությունը հետզհետե բարձրացնելու է կենսաթոշակային համակարգի և կենսաթոշակների մակարդակը»: Ընդհանուր առմամբ, 1,5 անգամ պետք է բարձրացվեն կենսաթոշակները, որոնք այս տարի արդեն իսկ բարձրացվել են 60 տոկոսով: Դրան զուգահեռ, կառավարությունը շարունակելու է աշխատանքները բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրման ուղղությամբ, ներառյալ` կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: Մեր բնակչությունը պետք է սովորի խնայել, երիտասարդ սերունդը պետք է ստանձնի ապահով ծերության պատասխանատվությունը` մասնակցելով կենսաթոշակային ապահովման կուտակային համակարգին: Այսուհետ բոլոր աշխատանք ունեցող երիտասարդները պետք է հասկանան, որ իրենց կենսաթոշակի խնդիրը պետությունը դնում է հենց իրենց վրա, և եթե նրանք ունեն աշխատանք, պետք է մտածեն նաև սեփական ապահով կենսաթոշակային տարիքի մասին: Սա արմատական փոփոխություն է նշանակում կենսաթոշակային բարեփոխումների մեջ, և մենք, ձեզ հետ միասին, պետք է այս բարեշրջությունը մեր հասարակության մեջ իրականացնենք: Բավականին երկար ժամանակ ենք ծախսել հայեցակարգի մշակման վրա, ունենք կուտակված գիտելիքներ, երիտասարդ մասնագետների թիմ, ովքեր այդ գիտելիքներն ի վիճակի են այսօր ներդնել և առավել արդիական դարձնել կենսաթոշակային համակարգը ՀՀ-ում: Բնականաբար, եթե մենք ասում ենք, որ բազմաստիճան է լինելու մեր կենսաթոշակային համակարգը, այն մոդելը, որ ներդնելու ենք, ապահովելու է նաև համերաշխության սկզբունքը կուտակային համակարգի հետ: Եվ ես համոզված եմ, որ իրականացնելով այս բարեփոխումը, բավականին լուրջ խթան ենք ստեղծելու մեր տնտեսության և հասարակության զարգացման համար»: