երկուշաբթի, 21 ապրիլի 2008
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Արմեն Մովսիսյանին և շնորհավորելով նրան իր պաշտոնում վերստին նշանակվելու առթիվ, ՀՀ վարչապետն ընդգծել է նախարարի անմիջական ներդրումը էներգետիկայի ոլորտում կառավարելի և զարգացող համակարգի կայացման գործում: Նա նշել է, որ վերակազմավորման արդյունքում, այսօր արդեն նախարարության առջև կանգնած խնդիրներն ընդլայնվել են` ներառելով նաև բնական պաշարների բնագավառը.
«Մենք կարևորում ենք այս ոլորտը, և դա լինելու է մեր տնտեսության շարժիչներից մեկը: Գիտեք, որ բնական պաշարների օգտագործման ոլորտում արդեն լուրջ քայլեր են կատարվել, լուրջ ներդրումներ են իրականացվում, ներուժը բավականին մեծ է: Եվ ձեր նախարարության աշխատանքներից էլ կախված կլինի, թե կկարողանա՞նք այս ոլորտում ձևավորել մի նոր ազգային ծրագիր, որը բեկումնային զարգացում կապահովի մեր տնտեսության համար: Մենք համոզված ենք, որ այն փորձը, որ կուտակել է պարոն Մովսիսյանը այս ոլորտում, և այն թիմը, որ կա նախարարությունում ու կարողացել է բեկում մտցնել էներգետիկայի ոլորտում, որպեսզի նույն հաջողություններին հասնենք նաև բնական պաշարների արդյունավետ օգտագործման բնագավառում, ձեզ հետ միասին մշակենք հեռանկարային ծրագրեր, որոնք կունենան գրավչություն, այդ թվում նաև օտարերկրյա ներդրողների համար: Անհրաժեշտ է մեր բոլոր կարողությունները կենտրոնացնել և ունենալ միասնական ծրագիր, որտեղ հստակ նշված կլինեն նպատակները` երկարաժամկետ առումով, կընդգծվեն, թե որո՞նք են առաջնահերթությունները, որտեղի՞ց պետք է սկսենք, ինչպե՞ս պետք է կառավարենք և կազմակերպենք այդ ամբողջ համակարգը: Համաշխարհային գործընթացներն այնպիսին են, որ շատ բնական պաշարներ այսուհետև տնտեսապես ձեռնտու է շահագործել: Եթե նախկինում կասկած կար` այդ պաշարներն իմաստ ունի՞ շահագործել, թե ոչ` զուտ արդյունավետության հաշվարկների տեսակետից, ապա այսօր ակնհայտ է և համաշխարհային տնտեսության զարգացումների մոտակա 15 տարիների կանխատեսումները վկայում են, որ այստեղ մենք ունենք լուրջ պոտենցիալ և ներդրումները կարող են լինել խիստ արդյունավետ:
Ես ցանկանում եմ Ձեզ հաջողություն: Համոզված եմ, որ այն խնդիրները, որ դրվում են ձեր առջև ՀՀ կառավարության և Հանրապետության նախագահի կողմից, իրատեսական խնդիրներ են և համատեղ թիմային աշխատանքով մենք կկարողանանք արժանապատիվ ձևով լուծել դրանք: Համոզված եմ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գոհ են լինելու այն բարեփոխումներից, որ իրականացնելու ենք այս ոլորտում»:
Նորանշանակ նախարարները շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին` նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վստահեցնելով, որ կներդնեն իրենց բոլոր ուժերն ու կարողությունները` ակնկալվող արդյունքներին հասնելու և ՀՀ կառավարության գործունեության ծրագրում նախանշված հիմնախնդիրները լուծելու համար: