երեքշաբթի, 22 ապրիլի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ֆինանսների, Էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի, տարածքային կառավարման նախարարություններ և դրանց աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ նախարարներ Տիգրան Դավթյանին, Ներսես Երիցյանին, Գուրգեն Սարգսյանին և Արմեն Գևորգյանին:
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Տիգրան Դավթյանին և շնորհավորելով նրան` նշանակման կապակցությամբ, ՀՀ վարչապետը կարևորել է պարոն Դավթյանի կատարած արդյունավետ աշխատանքը ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում, ապա` Զարգացման հայկական գործակալությունում, շեշտելով նաև նրա մարդկային ու մասնագիտական որակները.
«Տիգրան Դավթյանն ավարտել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Այն տարիներին դա համարվում էր լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը։ Հետագայում հնարավորություն է ունեցել անցնել վերապատրաստումներ։ Խոր մասնագետ է և շատ լավ տիրապետում է այն խնդիրներին, որոնք կանգնած են մեր հանրապետության տնտեսության առջև։ Նրա գործունեության առանձնահատկությունը կայանալու է նրանում, որ տեղի են ունենում նաև կառուցվածքային փոփոխություններ։ Մասնավորապես, այսուհետև ունենալու ենք ֆինանսների նախարարություն և առանձին էկոնոմիկայի նախարարություն։ Եվ ձեր օժանդակությամբ մենք պետք է հաղթահարենք այս բարդ փուլը, ձևավորենք արդյունավետ կառավարման համակարգ և համագործակցություն նաև էկոնոմիկայի նախարարության հետ։ Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ Հանրապետության նախագահը հավակնոտ ծրագրեր է առաջ քաշել և մեզ սպասում է բարդ, բայց, միևնույն ժամանակ, հետաքրքիր աշխատանք։ Կարևորագույն թիրախներից մեկը` Հայաստանը ֆինանսական կենտրոն դարձնելն է։ Կարծում եմ, կհամաձայնեք, որ այս գործում ֆինանսների նախարարության դերակատարությունը չափազանց կարևոր էլ ինելու։ Արդեն իսկ աշխատանքներ են սկսված համապատասխան հայեցակարգի մշակման ուղղությամբ, միջազգային լավագույն փորձագետների ներգրավվածությամբ, և այդ աշխատանքները մենք, ձեզ հետ համատեղ, պետք է ի կատար ածենք, որպեսզի ֆինանսական կենտրոնը հնարավորին չափ շուտ դառնա իրականություն: Կարծում եմ, ձեր ամենօրյա աշխատանքները պետք է ուղղված լինեն նաև այս խնդրի լուծմանը։ Միևնույն ժամանակ, պարզ է, որ ֆինանսների նախարարության առանցքը պետական բյուջեն է և գանձապետարանի աշխատանքը. եկամտային քաղաքականությունը, ծախսային քաղաքականությունը, պետական բյուջեի դեֆիցիտը, արտաքին-ներքին պարտքերի կառավարման խնդիրները և, ինչը չափազանց կարևոր է լինելու, մակրոտնտեսական վերլուծությունները։ Կարծում եմ, այն ներուժը, որ կուտակված է ֆինանսների նախարարությունում, կադրային պոտենցիալը, աշխատակիցների փորձն ու գիտելիքները հնարավորություն կտան լիակատար կերպով այս խնդիրները լուծել։
ՀՀ վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Վարդան Խաչատրյանին, ով երկար ատրիներ ղեկավարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը բավականին բարդ ժամանակահատվածում. «Մենք հիշում ենք, թե ինչպիսին էր ֆինանսների նախարարությունը 10 տարի առաջ, 15 տարի առաջ, նաև այն պահին, երբ նա ստանձնեց նախարարի պաշտոնը և ինչպիսին է այսօր։ Մենք ունենք բավականին լուրջ առաջընթաց, առաջին հերթին` բյուջետային կարգապահության ոլորտում: Մենք շատ շուտ ընտելացանք նորմալ բյուջետային գործընթացին և շատ շուտ մոռացանք այն բարդությունները, որ կային երբ կուտակվում էին բյուջետային պարտքեր` աշխատավարձի, թոշակի, ծախսերի գծով պարտքեր: Այս խնդիրներն այսօր ամբողջությամբ լուծված են, և այստեղ չափազանց մեծ է պարոն Խաչատրյանի անձնական ներդրումը»։