չորեքշաբթի, 31 հուլիսի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ռոջեր Ռոբինսոնին: Մեր երկրում առաքելությունն սկսելու առիթով շնորհավորելով ՀԲ-ի ներկայացուցչին՝ վարչապետը հաջողություններ մաղթեց նրան և հույս հայտնեց, որ բանկի և Հայաստանի միջև ամուր հիմքերի վրա դրված համագործակցությունը այսուհետ էլ կշարունակվի ու ՀԲ-ում պրն Ռոբինսոնի աշխատանքային մեծ փորձը կօգնի հնարավորինս արագ խորամուխ լինել մեր երկրի և ժողովրդի խնդիրների մեջ, աջակցել դրանց լուծմանը:
ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրենը վստահեցրեց, որ իր գործունեությամբ կփորձի օգտակար լինել Հայաստանի տնտեսության զարգացմանը, շարունակելով և ավելի ամրապնդելով ՀԲ-ի և Հայաստանի փոխգործակցությունը: Նա նշեց, որ անչափ տպավորված է կառավարության գործունեության արդյունքներով, տնտեսական ցուցանիշների մեջ նկատելի դրական տեղաշարժերով, որոնք զգալի են նաև այս տարվա առաջին կիսամյակում, ինչը, ըստ պրն Ռոբինսոնի, իր գործունեության սկզբի համար բավականին բարենպաստ է: Նա նշեց, որ արդեն բավականաչափ տեղյակ է Հայաստանի տնտեսական իրավիճակին և իր առաջնահերթ խնդիրներից է համարում կառուցվածքային SAC-4 վարկի լողացող չափաբաժնի հնարավորինս շուտ ստանալուն նպաստելը, որը ինչ-որ չափով կօգնի առկա դրական ցուցանիշների ամրապնդմանը: