երեքշաբթի, 22 ապրիլի 2008
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Գուրգեն Սարգսյանին և շնորհավորելով նրան` նշանակման կապակցությամբ, ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է նաև տրանսպորտի և կապի ոլորտի կարևորությունը մեր երկրի տնտեսության հետագա զարգացման համար.
«Այս ոլորտը չափազանց կարևոր է Հայաստանի համար, մանավանդ հաշվի առնելով աշխարհաքաղաքական խնդիրները և այն մարտահրավերները, որ այսօր կանգնած են մեր երկրի առջև։ Բավականին լուրջ խնդիրներ են դրված ոլորտի առջև, և ես համոզված եմ, որ նորանշանակ նախարարը, ձեզ հետ միասին, ի վիճակի է այդ խնդիրները լուծել։ Չափազանց կարևոր է, որ մենք ունենանք մրցակցային առավելություն տրանսպորտի և կապի ոլորտում, որովհետև դա էական ազդեցություն է թողնում տնտեսական բոլոր ոլորտների վրա։ Կառավարության ծրագրերում նշված է, որ IP ոլորտը լինելու է առաջնահերթություն, դա կառավարության ծրագրի գերակայություններից մեկն է և հասկանալի է, որ հենց ձեր աշխատանքի շնորհիվ այդ ոլորտում մենք պետք է կարողանանք այնպիսի բեկում մտցնել, որ տարածաշրջանային մրցակցության մեջ ստանձնենք առաջատարի դերը։ Ես կարծում եմ, որ Գուրգեն Սարգսյանն ունի այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են այդ խնդիրը լուծելու համար։
Այժմ ուզում եմ անդրադառնալ Անդրանիկ Մանուկյանին։ Մենք միասին բավականին մեծ ճանապարհ ենք անցել։ Այդ ճանապարհը լի էր բարդություններով, բոլորդ էլ գիտակցում եք, թե մեր պետականության կայացման տարիներին ինչպիսի փորձություններ էին ընկած հենց նաև պարոն Մանուկյանի ուսերին։ Աստծո կամոք նա կարողացավ հաղթահարել բոլոր խնդիրները ու նորից լծվեց ազգանվեր գործի։ Այսօր «Առավոտ» օրաթերթն անդրադարձել էր պարոն Անդրանիկ Մանուկյանի գործունեությանը և բավականին բարձր գնահատականներ էր տվել նրա կատարած աշխատանքին, ուշադրություն հրավիրելով նաև այն հանգամանքին, որ պարոն Մանուկյանին հաջողվել էր ստեղծել ջերմ հարաբերություններ տարբեր երկրներում իր գործընկերների հետ, ինչը, բնականաբար, պետք է պահպանել և զարգացնել։ Եվ ես համոզված եմ, որ պարոն Մանուկյանն իր նոր պաշտոնը ստանձնելով, սատար կկանգնի նորանշանակ նախարարին, կօգնի նրան հարաբերություններ ձևավորելու տարբեր երկրների գործընկերների հետ: Համոզված եմ, որ այդ հարաբերությունները ծառայելու են մեր ընդհանուր գործին»։