երեքշաբթի, 22 ապրիլի 2008
ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Արմեն Գևորգյանին և շնորհավորելով նրան` նշանակման կապակցությամբ, ՀՀ վարչապետն ընդգծել է, որ պարոն Գևորգյանը ստանձնելու է նաև ՀՀ փոխվարչապետի պարտականությունները, իսկ դա նշանակում է, որ տարածքային զարգացումը ՀՀ կառավարության գերակա խնդիրներից մեկն է.
«ՀՀ կառավարության գործունեության հիմնական խնդիրներից մեկը տարածքային համաչափ զարգացումն է: Գաղտնիք չէ, որ կենտրոնացվածությունը Երևան քաղաքում այսօր խոչընդոտում է մեր տնտեսական համակարգի զարգացումը, և մենք այստեղ լրջագույն անելիքներ ունենք: Մի քանի նախաձեռնությունների մասին Հանրապետության նախագահն արդեն իսկ հայտարարել է, մասնավորապես` Դիլիջանում ֆինանսական կենտրոն ձևավորելու գաղափարը, որը նշանակում է, որ այդ առումով մենք կկարողանանք Երևան քաղաքից դուրս բերել մի շարք ֆինանսական հատվածի հետ առնչվող գերատեսչություններ: Ապագայում նման նախաձեռնությունները կներկայացնենք հանրության ուշադրությանը, ու բնականաբար, այս քաղաքականությունը պետք է մշակվի և իրականացվի հենց ձեր նախարարության կողմից: Սա բավականին հավակնոտ մոտեցում է, որովհետև ենթադրվում է, որ մի շարք ոլորտներում մենք պետք է մեզ ներկայացնենք որպես տարածաշրջանային կենտրոն, հետևաբար, տարածքային համաչափ զարգացման ոլորտում նույնպես պետք է բեկումնային ծրագրեր իրականացվեն: Այն փորձը և գիտելիքները, որ կուտակել է պարոն Գևորգյանը, հույս են ներշնչում, որ մեր բոլոր հավակնոտ ծրագրերը, ձեզ հետ միասին, կդարձնենք իրականություն»:
ՀՀ կառավարության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին, ով երկար տարիներ ղեկավարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը և զբաղեցնելով նաև փոխվարչապետի պաշտոնը.«Կարծում եմ, դուք միասին մեծ ճանապարհ եք անցել և այս տարիների ընթացքում մենք ունենք բավականին լուրջ ձեռքբերումներ` ձևավորվել են նոր հարաբերություններ տեղական իշխանությունների հետ, փորձ է կատարվում այդ հարաբերություններում ներդնել նոր մշակույթ: Ես համոզված եմ, որ պարոն Աբրահամյանն իր նոր պաշտոնում աջակցելու է նոր կառավարությանը` մեր հավակնոտ ծրագրերի իրականացման գործում, քանի որ այն գաղափարներն ու նպատակները, որ դրված են մեր առջև, կարող ենք իրականություն դարձնել միայն համատեղ, համախմբված աշխատանքի շնորհիվ»:
Նորանշանակ նախարարները շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին` վստահության և նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակման կապակցությամբ: