չորեքշաբթի, 23 ապրիլի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյին:
Ողջունելով հյուրին, վարչապետը նշել է, որ մշակույթը երկրների ու ժողովուրդների միջև տարբեր ոլորտներում ինտեգրման կարևոր հիմքերից է:
Հանդիպմանը քննարկվել են մշակութային ոլորտում համագործակցությանն ուղղված ծրագրեր:
Միխայիլ Շվիդկոյն ասել է, թե ուրախ է, որ ՀՀ կառավարության ղեկավարն այդքան մեծ նշանակություն է տալիս մշակույթին: Նա շնորհակալություն է հայտնել «Հայաստանում ռուսական մշակույթի սեզոնների» անցկացմանը պետական աջակցության համար: Նշելով, որ Ռուսաստանում ևս նախատեսվում է կազմակերպել «Հայկական մշակույթի սեզոններ», պարոն Շվիդկոյը հույս է հայտնել, որ հետագայում դրանք պարբերական բնույթ կկրեն:
Վարչապետը խոսել է նաև հանրապետության հեռուստաընկերությունների եթերում մշակութային բարձրորակ և պահանջարկ վայելող ծրագրերի անհրաժեշտության մասին, նշելով, որ հանձնարարել է մշակել համապատասխան հայեցակարգ և ուրախ կլինի ստանալ պարոն Շվիդկոյի աջակցությունն այդ փաստաթղթի մշակման և իրականացման գործում` նկատի ունենալով նրա մեծ փորձն այդ ասպարեզում: Ռուսաստանի Դաշնության մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավարը սիրով համաձայնել և պատրաստակամություն է հայտնել առավելագույնս օգտակար լինելու այդ գործում:
Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է հատկապես երիտասարդության համար մշակութային ծրագրերի անհրաժեշտությունը, քանի որ նոր սերնդի մեջ դեռևս բավարար պատկերացում ձևավորված չէ մեր ժողովուրդների հարուստ մշակույթների վերաբերյալ: Շվիդկոյը նշել է նաև, որ ԱՊՀ հումանիտար համագործակցության հիմնադրամի շրջանակներում ևս հնարավոր է այս ոլորտում համագործակցությունը զարգացնել և մշակութային տարբեր նախաձեռնությունների սատարել: Ըստ կառավարության ղեկավարի, Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի ստեղծագործական բուհերում արդեն երկու տարի հաջողությամբ իրականացվող Հայաստանի ուսանողների կրթության և ստաժավորման գործընթացի շարունակման, ինչպես նաև զանազան «վարպետության դասերի» կազմակերպման գործում:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է 2008թ. Հայաստանի կողմից համակարգվելիք մշակութային նախագծերի` «Ռուսալեզու ռադիոհաղորդման միջազգային հումանիտար փառատոնի», «Թարգմանությունը` որպես մշակույթների ձգողական դաշտ» խորագրով ԱՊՀ և Բալթյան երկրների համաժողովի, ԱՊՀ անդամ երկրների գրողների կատալոգի հրատարակման բարձր մակարդակով իրականացումը: