հինգշաբթի, 24 ապրիլի 2008
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի հայրենակիցներ,
Այս օրն այն խորհրդանշական օրերից է, երբ բովանդակ հայությունը գլուխ է խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ: Օսմանյան կայսրության իշխանության ծրագրած և իրականացրած հանցագործության նպատակը հայ ժողովրդի բնաջնջումն էր, այդ ողբերգական ոճրի արդյունքում զոհվեցին ավելի քան մեկուկես միլիոն հայեր, հարյուր հազարավոր ծերեր, կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնի տեղահանության:
Այսօր մենք սգում ենք, և հարգանքի տուրքը մատուցելով Մեծ եղեռնի անմեղ նահատակներին, յուրովի ենք վերաիմաստավորում անցյալի ամենակարևոր դասերը. մենք չենք կարող ապրել ապահով ու անվտանգ, եթե լինենք մասնատված ու բաժան-բաժան, չենք կարողանա կանխել մեծ աղետները, եթե չունենանք ամուր պետականություն, որպես ազգ` չենք կարող և չպետք է մոռանանք մեր պատմությունը:
Սիրելի հայրենակիցներ,
Մենք պետք է շարժվենք առաջ, պետք է կարողանանք համախմբվել ազգային իղձերի ու նպատակների շուրջ, կառուցենք ուժեղ ու ժողովրդավարական պետություն, անենք հնարավորն ու անհնարինը Հայաստանի անվտանգության, բարեկեցության ու զարգացման` մեր երկրի վաղվա օրվա համար: