ուրբաթ, 25 ապրիլի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 6 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «Հաղարծին» վանքային համալիրի բարելավում» և «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաշտարակ գյուղի ամբուլատորիայի հիմնանորագման աշխատանքների իրականացում», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու կաթսայատան և պարսպի շինարարական աշխատանքների իրականացում», «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Վանաձորում տնազուրկ բնակիչների համար բնակարանների կառուցում» ծրագրերը:
«Հայ-ավստրիական բարեգործական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի նպատակն է Գյումրիի «Ավստրիական մանկական հիվանդանոց» ՓԲԸ-ի համար անհրաժեշտ դեղորայքի — սարքավորումների ձեռքբերումը: «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշն, ինկ.» ամերիկյան բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագիրը, նպատակ ունի Հայաստանի չորս մարզերում իրականացնել մանկապարտեզների վերանորոգման, ջեռուցման, կահավորման աշխատանքներ:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: