շաբաթ, 26 ապրիլի 2008
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
« Հարգելի պարոն վարչապետ
Թուրք ժողովրդի և անձամբ իմ անունից Ձերդ գերազանցությանն եմ հղում իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ես լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում մեր երկկողմ հարաբերությունները կհասնեն մի մակարդակի, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, հանդարտությանը, կայունությանը և բարգավաճմանը:
Նույն աշխարհագրական դիրքը կիսող հարևան երկրներ լինելով` գոյություն ունեցող խնդիրներին վերջնական լուծում տալը և երկխոսության միջոցով բարիդրացիական հարաբերությունների կառուցումը մեզ համար առաջնային խնդիրներից են:
Համոզված եմ, որ նոր փուլում, որն սկսվել է Հայաստանի 2008 թվականաի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններով, ինչպես նաև Ձերդ գերազանցության աջակցությամբ, երկկողմ հարաբերությունները կարգավորելու գործընթացում որոշակի քայլեր կարող են ձեռնարկվել: Այդ մտայնությամբ կցանկանայի ընդգծել, որ նախկինում ձեր կողմին ներկայացված մեր առաջարկությունները, որոնք մեր համոզմամբ կհեշտացնեն գործընթացի առաջխաղացումը, դեռ շարունակում են մնալ սեղանի վրա:
Առիթից օգտվելով` մաղթում եմ Ձերդ գերազանցությանը առողջություն և երջանկություն, իսկ հայ ժողովրդին` խաղաղություն և բարեկեցություն»:
* * *
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` իր նշանակման կապակցությամբ շնորհավորանքին ի պատասխան, Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հղած շնորհակալական խոսքում անդրադարձել է նաև Էրդողանի կողմից երկխոսության, երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ասված խոսքերին: ՀՀ վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ ինձ հղած ջերմ շնորհավորանքի և բարեմաղթանքների համար:
Համոզված եմ, որ անձնական շփումների միջոցով միասին կարողանալու ենք նպաստել մեզ մտահոգող բոլոր հարցերի կարգավորմանը:
Ցանկանում եմ վերահաստատել կառուցողական երկխոսության և մեր երկրների միջև առանց նախապայմանների բնականոն հարաբերությունների հաստատման Հայաստանի կառավարության պատրաստակամությունը:
Կարծում եմ, որ մենք Ձեզ հետ միասին ունենք փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման պատմական առաքելություն, առանց որի դժվար է երկխոսությունը և գոյություն ունեցող խնդիրների լուծումը: Հավաստիացնում եմ Ձեզ, որ մեր ջանքերը միտված են լինելու տարածաշրջանում խաղաղության, հանդուրժողականության և կայունության ապահովմանը:
Օգտվելով առիթից` Ձերդ գերազանցությանն եմ հղում խորին հարգանքներիս հավաստիքը»:
* * *
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Բիզնեսի և Խորհրդարանի միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ֆրեդերիկ Ռ. Հայդ-Չամբերսը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ինձ համար հաճելի էր մեր հանդիպումը 2007թ. նոյեմբերին Ձեր` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, երբ Ձեզ ուղեկցում էր ԲԽՄԱ-ի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Էրիկ Գյուլազյանը: Ձեզ և Ձեր աշխատակազմի հետ հանդիպումը շատ խորը և գեղեցիկ տպավորություն է թողել:
Հաճելի է նաև ստանալ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման լուրը, ինչի կապակցությամբ խնդրում եմ ընդունել իմ լավագույն մաղթանքները և ամենաջերմ շնորհավորանքները:
Անկասկած, Դուք և Ձեր թիմն առավել կնպաստեք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի արագացմանը և խորացմանը, քանի որ ես Ձեզ ճանաչում եմ որպես բարեփոխումներ մշակող, իրականացնող և խթանող անձնավորության:
Մեկ անգամ ևս խնդրում եմ ընդունել իմ ամենաջերմ և լավագույն շնորհավորանքները:
ԲԽՄԱ-ն պատրաստակամ է իր ողջ կարողությամբ աջակցել Ձեր կողմից իրականացվող յուրաքանչյուր նախաձեռնության, որը կարող է օգտակար լինել Հայաստանի բարգավաճման և զարգացման համար»: